Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հոկտեմբերի 1-ին Երևանում կայացած Միջկառավարական խորհրդի նիստում հավանության են արժանացրել քաղաքացիական ավիացիայի ոլորտում եվրասիական «հնգյակի» երկրների օրենսդրության ներդաշնակեցման մասին կարգադրությունը։
Ընդունված փաստաթղթի համաձայն՝ ԵԱՏՄ երկրների կառավարությունները մինչև 2025 թվականի հունվարի 1-ը կազմակերպում են անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքները Քաղաքացիական ավիացիայի միջազգային կազմակերպության (ԻԿԱՕ) օդանավերի թռիչքային պիտանիության ոլորտի նորմերին և սկզբունքներին համապատասխան:
Մասնավորապես, կսահմանվեն թռիչքային պիտանիության հավաստագիր չունեցող կամ թռիչքային պիտանիությունը ժամանակավորապես կորցրած օդանավը ԵԱՏՄ այլ պետության տարածք տեղափոխելիս տեղեկացման կարգը, ինչպես նաև նման օդանավի թռիչքի թույլտվության տրամադրման հիմքերը։
«ԵՄԿԽ կարգադրությունը թույլ կտա ԻԿԱՕ ստանդարտների և պետությունների առկա պրակտիկայի հիման վրա ներդաշնակեցված կանոններ մշակել տեղեկացման կարգի և թռիչքային պիտանիության հավաստագիր չունեցող կամ թռիչքային պիտանիությունը ժամանակավորապես կորցրած օդանավի թռիչքի թույլտվության տրամադրման հիմքերի մասին: Հետագայում անդամ պետությունները կկազմակերպեն ազգային օրենսդրության փոփոխությունները»,- նշել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։
Կարգադրության իրականացումն ուղղված է Միության տարածքում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ձևավորմանը։