Սա հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Ռուսլան Դավիդովը Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի ընթացքում՝ մաքսային մարմինների աշխատանքում թվային տեխնոլոգիաների ներդրման հեռանկարներին նվիրված պանելային քննարկման շրջանակներում։
Բացման խոսքում նա նշել է, որ մաքսային ծառայությունների աշխատանքը, որը հիմնված է մեծ տվյալների վերլուծության և այլ կարգավորող մարմինների հետ տեղեկատվության փոխանակման վրա, այսօր պարզապես անհնար է առանց տեղեկատվական համակարգերի և տեխնոլոգիաների։
Այս առնչությամբ մոդերատորը քննարկումը կենտրոնացրել է մաքսային ծառայողների աշխատանքի պրակտիկայի և այն նախագծերի վրա, որոնք իրականացվում են ԵԱՏՄ երկրներում և թույլ են տալիս արտաքին առևտրի պայմաններն ավելի հարմարավետ և թափանցիկ դարձնել։
ԵԱՏՄ մաքսային ծառայությունների ղեկավարների տեղակալները ներկայացրել են իրենց փորձն ու թիրախային կողմնորոշիչները։ Աշխատանքի հեռանկարային ուղղությունների թվում բանախոսները նշել են այնպիսի նախագծեր, ինչպիսիք են «մեկ պատուհանը», «ապրանքների խելացի բացթողումը», էլեկտրոնային նավիգացիոն կապարակնիքները, ապրանքների մաքսային արժեքը վերահսկելու նպատակով ծառայությունների միջև տեղեկատվության փոխանակումը։
Չնայած թվային տեխնոլոգիաների լայնածավալ ներդրմանը, կարևոր է ապահովել փոխգործակցությունը մաքսային սահմանի հարակից կողմի մաքսային ծառայությունների հետ։ Ընդ որում, շարունակվում է օտարերկրյա մաքսային ծառայությունների հետ փորձի փոխանակումը լավագույն պրակտիկաների, մասնավորապես՝ թվային ամպային տեխնոլոգիաների վրա հիմնված, այսպես կոչված, «խելացի մաքսատան» վերաբերյալ:
Գործարար համայնքի խոսնակները հաստատել են իրենց պատրաստակամությունը՝ աջակցելու մաքսային ծառայությունների գործունեությունում թվային լուծումների հետագա ներդրմանը, ինչը թույլ է տալիս պարզեցնել մաքսային ծառայողների և ԱՏԳ մասնակիցների փոխգործակցությունը։
Նշվել է նաև, որ բիզնեսի ներկայացուցիչները միջազգային միավորում են ստեղծել, որը թույլ է տալիս մշակել մաքսային մարմինների հետ փոխգործակցության համակարգային հարցերի ընդհանուր լուծումներ։
Եզրափակելով՝ Ռուսլան Դավիդովը նշել է, որ կարևոր է, որ Հանձնաժողովը և ԵԱՏՄ անդամ պետությունների մաքսային ծառայությունները գործեն համատեղ՝ Միության հաջող զարգացման և եվրասիական ինտեգրման նպատակների իրականացման համար միասնական մաքսային կարգավորում և իրավակիրառ պրակտիկա ապահովելու նպատակով: