Կեղծ ապրանքների հայտնաբերման ծավալը 2023 թվականին Եվրասիական տնտեսական միության երկրներում կազմել է 5.8 մլն միավոր։ Այս մասին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիային առընթեր Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեի անդամներին հայտնել է ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեության զարգացման վարչության տնօրեն Երնար Բակենովը։ Նրա խոսքով, «ԵԱՏՄ անդամ պետություններում կեղծարարության ոլորտում առաջատար դիրքերն են զբաղեցնում հագուստն ու կոշիկը, խաղերն ու խաղալիքները, մեքենաների պահեստամասերը, սննդամթերքը, ալկոհոլային արտադրանքը, կենցաղային տեխնիկան և էլեկտրոնիկան, աքսեսուարները»։
Հոկտեմբերի 9-ին կայացած Կոմիտեի նիստի մասնակիցների քննարկմանը Հանձնաժողովը մի շարք վերլուծական փաստաթղթեր է ներկայացրել, որոնցում ներառված են 2019-2023 թվականների վիճակագրական ցուցանիշները։ Փաստաթղթերի թվում է վերջին հինգ տարվա վերլուծական ակնարկը՝ Միության շրջանակներում մտավոր սեփականության ոլորտի զարգացման առաջարկներով և պետություններում իրավական կարգավորման կատարելագործման հանձնարարականներով, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի մշտադիտարկման մասին 2023 թվականի զեկույցը:
«Առաջիկայում Միության պաշտոնական կայքում մենք կհրապարակենք ԵԱՏՄ պետություններում մտավոր սեփականության ոլորտի վերլուծական ակնարկը, ինչպես նաև ԵԱՏՄ երկրներում մտավոր սեփականության օբյեկտների նկատմամբ իրավունքների պաշտպանության ոլորտում իրավակիրառ պրակտիկայի վիճակի մասին 2023 թվականի զեկույցը»,- նշել է Երնար Բակենովը։
Բացի այդ, մասնակիցները քննարկել են «Միասնական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար Միության շրջանակներում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի իրականացման միջոցառումների նախագծի վերաբերյալ մտավոր սեփականության ոլորտին առնչվող առաջարկները:
Նիստի ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ երկրներում արտադրության գաղտնիք կազմող տեղեկությունների («նոու-հաու») իրավական պաշտպանության տրամադրման պրակտիկան, Ապրանքային նշանների, սպասարկման նշանների և Միության ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագրի իրականացման առանձնահատկությունները։
Կոմիտեի մասնակիցները քննարկել են նաև մտավոր սեփականության օբյեկտների միասնական մաքսային գրանցամատյանի գործարկումը, համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների ձևավորումը և ԵԱՏՄ պետություններում պահպանվող արդյունաբերական սեփականության օբյեկտների որոնման ծառայության ստեղծումը։