Նորություններ

30.08.2023

ԵԱՏՄ-ում ստորագրվել է Պետական գնումների համար բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը

Օգոստոսի 29-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ԵԱՏՄ պետությունների կառավարությունների ղեկավարների տեղակալները ստորագրել են Պետական գնումներ իրականացնելիս բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։

Համաձայնագիրը վերացնում է ԵԱՏՄ ներքին շուկայի սահմանափակումներից մեկը՝ Միության երկրներում պետգնումների ընթացքում բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման բացակայությունը։

Համաձայնագիրը միասնական պահանջներ է սահմանում այն բանկերի համար, որոնց երաշխիքները ճանաչվելու են Միության այլ պետություններում պետական գնումների ժամանակ, նման բանկերի ցանկի ձևավորման մոտեցումները, ինչպես նաև տրված բանկային երաշխիքների գրանցամատյանի վարման կարգը։

Ընդ որում, այդպիսի բանկերի ցանկի և բանկային երաշխիքների գրանցամատյանի վարումն իրականացվելու է այն դեպքում, եթե դա նախատեսված է պատվիրատու պետության օրենսդրությամբ:

«Այսպիսով, ԵԱՏՄ ցանկացած երկրի պոտենցիալ մատակարարը կկարողանա միության մեկ այլ երկրի հաճախորդին տրամադրել սահմանված չափանիշներին համապատասխանող իր «տան» բանկի երաշխիքը, և այդ երաշխիքը պետք է ընդունվի պատվիրատուի կողմից։ Եթե նման չափանիշները նախատեսված չեն պատվիրատուի երկրի օրենսդրությամբ, ապա բանկային երաշխիքներն ազատորեն ճանաչվում են», — Համաձայնագրի նորմերը մեկնաբանել է ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը։
Համաձայնագրի ստորագրմանը զուգահեռ՝ Խորհուրդը հաստատել է այն չափանիշները, որոնց պետք է համապատասխանեն ԵԱՏՄ պետությունների՝ բանկային երաշխիքների տրամադրում իրականացնող բանկերը, ինչպես նաև լիազոր մարմինների կողմից երաշխավորների ցանկում բանկերի ընդգրկման և ցանկից հեռացման վերաբերյալ տեղեկատվության փոխանակման կարգը: