Մարտի 1-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքի նախարար Արզիբեկ Կոժոշևը Եվրասիական տնտեսական միության երկրների քաղաքացիական ավիացիայի հարցերը կարգավորող տրանսպորտի ոլորտի լիազոր մարմինների ղեկավարների տեղակալների հետ քննարկել է օդային տրանսպորտի ծառայությունների միասնական շուկայի ձևավորման հայեցակարգային մոտեցումները։
Խորհրդակցության մասնակիցները քննարկել են օդային տրանսպորտի մասով ԵԱՏՄ անդամ պետությունների համակարգված (համաձայնեցված) տրանսպորտային քաղաքականության իրականացման 2021-2023 թվականների հիմնական ուղղությունների և փուլերի իրականացման ճանապարհային քարտեզի կատարումը:
Հանդիպման ընթացքում արծարծվել են օրենսդրության ներդաշնակեցման, արդար և բարեխիղճ մրցակցության ապահովման հարցեր, ինչպես նաև Միության շրջանակներում օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի ստեղծման և գործունեության վերաբերյալ միջազգային պայմանագրի մշակման և կնքման նպատակահարմարությունը։ Քննարկվել են ԵԱՏՄ մարմինների համապատասխան ակտերի նախագծերը, որոնք նախատեսվում է ընդունել ընթացիկ տարում:
Կողմերը հաստատել են օդային տրանսպորտի ծառայությունների ընդհանուր շուկայի աստիճանական ձևավորման ուղղությամբ համատեղ ջանքերը համակարգելու իրենց պատրաստակամությունը։