Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան հավանություն է տվել «Եվրասիական տնտեսական միությունում ջրածնային էներգետիկայի զարգացման հեռանկարների վերլուծության արդյունքների մասին» զեկույցին և ընդունել հանձնարարական, որն ուղղված է այս ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների միջև համագործակցության զարգացմանը։ Փաստաթղթերը նախապատրաստվել են Մինչև 2025 թվականը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում արդյունաբերական համագործակցության հիմնական ուղղությունների իրականացման նպատակով։
Զեկույցը տեղեկատվություն է պարունակում ջրածնի արտադրության, փոխադրման, պահպանման և կիրառման հիմնական տեխնոլոգիաների համալիր վերլուծության վերաբերյալ, ջրածնային էներգետիկայի ոլորտում համաշխարհային փորձի ակնարկ՝ առանձին երկրների օրինակով, ԵԱՏՄ երկրներում ջրածնային էներգետիկայի զարգացման միտումները։
Փաստաթղթում առանձնահատուկ ուշադրություն է դարձվում ջրածնային էներգետիկայի զարգացման պոտենցիալ հնարավորությունների և զսպող գործոնների, Միության երկրներում համապատասխան նախագծերի վերլուծությանը։ Նաև ամրագրվում են յուրաքանչյուր անդամ պետության զարգացման հիմնական կետերն ու նպատակները՝ հաշվի առնելով ոլորտի նորմատիվ իրավական բազայի ձևավորման աստիճանը, երկրի ռեսուրսներն ու ներուժը, սահմանվում են նպատակները, առաջարկվում ոլորտի հետագա զարգացման ուղղությունները։
«Միությունում ջրածնային էներգետիկան խթանելու համար անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել մեր երկրների միջև գիտատեխնիկական կոոպերացիայի խթանմանը, երեք ուղղություններով նորագույն մշակումների, համալրողների փորձանմուշների և պատրաստի արտադրանքի ստեղծմանը։ Դրանք են՝ ջրածնի արտադրությունը, փոխադրումը, պահեստավորումը և ջրածնի կիրառումը (տրանսպորտում, արդյունաբերական արտադրության մեջ)», - նշել է ԵՏՀ արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Արտակ Քամալյանը։
Հանձնարարականը սահմանում է ԵԱՏՄ-ում ջրածնային էներգետիկայի ոլորտում գիտատեխնիկական համագործակցության զարգացման հեռանկարային ուղղությունները, ինչպիսիք են ցածր ածխածնային ջրածնի արտադրությունը ջրի էլեկտրոլիզի մեթոդով՝ ԱԷԿ, փոքր ՀԷԿ-երի և ՎԷԱ-ների էլեկտրական էներգիայի օգտագործման հաշվին, ածխաջրածիններից ցածր ածխածնային ջրածնի արտադրությունը տարբեր մեթոդներով, ջրածնի սեղմումը, հեղուկացումը, պահպահումը և փոխադրումը, վերջինիս կիրառման համար անհրաժեշտ ջրածնային տրանսպորտը և ենթակառուցվածքը, պինդ օքսիդային էլեկտրոլիզերի և վառելիքի տարրերի համար նախատեսված նյութերը, ինչպես նաև ջրածնի պահպանման հեռանկարային տեխնոլոգիաների կիրառման համար։
Հանձնարարականի իրականացումը կնպաստի ջրածնային էներգետիկայի ոլորտում Միության պետությունների միջև կոոպերացիայի զարգացմանը, գիտատեխնիկական համագործակցությանը, առանցքային ջրածնային տեխնոլոգիաների և նախագծերի վերաբերյալ անդամ պետությունների փորձի փոխանակմանը, համատեղ գիտական հետազոտությունների խթանմանը և նշված ոլորտում համագործակցության հեռանկարային ուղղություններով «հնգյակի» երկրների կազմակերպությունների ուժերով տեխնոլոգիաների մշակմանը:
«Հանձնարարականի ընդունումը ջրածնային էներգետիկայի ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների միջև կոոպերացիոն փոխգործակցության հաստատման առաջին քայլն է»,- ընդգծել է Արտակ Քամալյանը։