Նորություններ

27.03.2024

ԵՏՀ-ում քննարկել են ագրոարդյունաբերական համալիրի զարգացումը

Եվրասիական տնտեսական միության ագրոարդյունաբերական համալիրի զարգացման արդիական հարցերի լայն շրջանակ քննարկել են մարտի 27-ին Ագրոարդյունաբերական համալիրի հարցերով խորհրդատվական կոմիտեի նիստի մասնակիցները Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանի նախագահությամբ:


Մասնավորապես, քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրների գյուղատնտեսության ոլորտի միկրո, փոքր և միջին ձեռնարկատիրության պետական աջակցության միջոցների հարցը։ Անդամ պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչները փոխանակել են տնտեսավարման փոքր ձևերի պետական աջակցության ազգային միջոցների փորձը, ինչպես նաև քննարկել միջազգային փորձը այս հարցում։ Հանձնաժողովն առաջարկել է դիտարկել գյուղատնտեսության խորշային ենթաճյուղերում գյուղմթերք արտադրողներին աջակցության տրամադրման հնարավորությունը, որտեղ մանր ապրանքային արտադրությունը մրցակցային առավելություն ունի:

Հանդիպման մասնակիցները քննարկել են անասնաբուծության տոհմային ռեսուրսների ներմուծումից էական կախվածություն ունեցող ենտաոլորտներում տոհմային արտադրանքի արտադրության զարգացման միջոցները, ինչպես նաև փոխադարձ առևտրի ծավալների մեծացման և Միության երկրների միջազգային մրցունակության ապահովման հարցեր։ Առաջարկությունները մշակվել են Միության անդամ պետությունների տոհմային արտադրանքի շուկայի 2018-2022 թվականների վերլուծության հիման վրա: Դրանք ուղղված են գյուղատնտեսական կենդանիների հետ սելեկցիոն և տոհմային աշխատանքների արդյունավետության բարձրացմանը, անդամ պետությունների՝ բարձր գենետիկ ներուժով սեփական տոհմային արտադրանքով ապահովվածության ավելացմանը: Սա թույլ կտա բարձրացնել տոհմային գործի կազմակերպման և վարման մակարդակը, կնպաստի ԵԱՏՄ անդամ պետություններում անասնաբուծության կայուն գործունեությանը։

Կոմիտեի անդամները հավանություն են տվել Հանձնաժողովի կոլեգիայի «Միության անդամ պետություններում թռչնաբուծության կայուն զարգացման միջոցների ցանկի մասին» հանձնարարականի նախագծին, որը նախատեսում է լրացուցիչ միջոցների իրականացում։ Դրանց թվում են թռչնի մսի և ձվի խոր վերամշակման ոլորտում նորարարական մշակումների և տեխնոլոգիական լուծումների յուրացումը. համակցված սենսորային հավելվածների կիրառման ոլորտում ռոբոտատեխնիկայի ներդրումը արտադրության բոլոր տարրերն արձանագրելու և հետագծելու համար: Հանձնարարականի իրականացումը թույլ կտա խթանել փոխադարձ առևտուրը, թռչնամսի և թռչնաբուծության արտադրանքի արտահանումը, ինչպես նաև բարձրացնել ոլորտի գործունեության արդյունավետությունը։