Հուլիսի 25-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի նիստում քննարկվել է Ռուսաստանի Դաշնության կողմից Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայի գործունեության շրջանակներում արգելքի նշաններով խոչընդոտի վերացման հարցը, որը կապված է արդյունաբերական ապրանքների պետական (մունիցիպալ) գնումների իրականացման դեպքում ԵԱՏՄ երկրների մատակարարներին ներկայացվող լրացուցիչ պահանջներ սահմանելու հետ:
Ավելի վաղ Հանձնաժողովն իրականացրել է Ռուսաստանի կողմից ԵԱՏՄ իրավունքի կատարման մշտադիտարկում և եզրակացություն պատրաստել Միության ներքին շուկայում արգելքի նշաններով խոչընդոտի առկայության մասին։ Մասնավորապես, ապրանքը պատվիրատուին մատակարարելիս մատակարարը պետք է ներկայացներ ապրանքի ծագման երկիրը հաստատող փաստաթղթեր, որոնց հիման վրա ապրանքների մասին տեղեկությունները ներառվում է եվրասիական գրանցամատյանում։
Արգելքի որակման հարցը քննարկվել է ԵՏՀ Կոլեգիայի նախորդ տարվա վերջին, և ռուսական կողմը պատրաստակամություն է հայտնել վերացնելու Միության իրավունքի հետ հայտնաբերված անհամապատասխանությունները նախքան այդ խոչընդոտը գրանցամատյանում ներառելը։
ԵՏՀ ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների նախարար Վարոս Սիմոնյանի խոսքով՝ ռուսական կողմը կատարել է իր պարտավորությունները և ընդունել Ռուսաստանի Դաշնության կառավարության № 889 որոշումը, որը բացառում է ապրանքի ծագման երկիրը հաստատող փաստաթղթերը ներկայացնելու պետգնումների մասնակիցներին ներկայացվող պահանջը (ուժի մեջ է մտել 2023 թվականի հունիսի 1-ից):
Այսպիսով, վերացվել են պետական (մունիցիպալ) գնումների նպատակով Առանձին տեսակի ապրանքների ծագման երկրի որոշման կանոններին չհամապատասխանող լրացուցիչ պահանջները։
«Մենք ողջունում ենք Ռուսաստանի Դաշնության ջանքերը՝ ապահովելու ԵԱՏՄ-ում պետական գնումների ոլորտում ազգային ռեժիմի տրամադրումը»,- նշել է Վարոս Սիմոնյանը։