Նորություններ

30.09.2024

Վալենտին Տատարիցկի. «Անհրաժեշտ է հատուկ մեխանիզմ սահմանել Միությունում երրորդ երկրներից էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգությունը կարգավորելու համար»

Այս մասին հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի տեխնիկական կարգավորման նախարար Վալենտին Տատարիցկին՝ նախագահելով Եվրասիական 3-րդ տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացված «ԵԱՏՄ-ում Էլեկտրոնային առևտրի տեխնիկական կարգավորումը. էլեկտրոնային հարթակներում ապրանքների անվտանգությունը» պանելային նստաշրջանը:

ԵՏՀ նախարարի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միության երկրները և Հանձնաժողովը շարունակում են մշակել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգության կարգավորման մոտեցումները։

«Սա հեշտ գործ չէ. Մի կողմից, մենք պետք է ապահովենք Միության քաղաքացիների պաշտպանությունը վտանգավոր արտադրանքից, մյուս կողմից՝ ներդրված անվտանգության կարգավորման մեխանիզմները չպետք է կանգնեցնեն էլեկտրոնային առևտրի զարգացումը, ապրանքների դեֆիցիտ ստեղծեն Միության շուկայում կամ նվազեցնեն սպառողական պահանջարկը, - ընդգծել է Վալենտին Տատարիցկին։ - Այդ իսկ պատճառով կառավարությունների ղեկավարների և ԵՏՀ խորհրդի որոշումներով ամրագրվել է էլեկտրոնային ապրանքների անվտանգության կարգավորման «մեղմ»՝ ծանուցման կարգի կիրառմամբ մոտեցման ապրոբացիա, այլ ոչ թե տեխնիկական կարգավորման «դասական» միջոցների կիրառում՝ Միության տեխկանոնակարգերով սահմանված ապրանքների համապատասխանության գնահատման մի ամբողջ համալիր ընթացակարգեր իրականացնելու միջոցով»:

Նստաշրջանի մասնակիցները, որոնք ներկայացնում են ԵԱՏՄ պետությունների տեխնիկական և մաքսային կարգավորման, ստանդարտացման ոլորտի լիազոր մարմինները և գործարար համայնքները, քննարկել են պրոֆիլային թեմաների լայն շրջանակ։

Բանախոսներից մի քանիսը շեշտը դրել են արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգության կարգավորման մոտեցումների մոդելավորման վրա, այդ թվում՝ դրանց անվտանգության հաստատման ծանուցողական կարգի կիրառմամբ, բայց երաշխիքով, որ արտադրանքը անվտանգ կլինի Միության քաղաքացիների համար: Նրանց թվում են Բելառուսի Հանրապետության ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ Ելենա Մորգունովան, Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման նախարարության լիցենզավորման, հսկողության և վերահսկողության գործունեության, հավատարմագրման և ինքնակարգավորման ոլորտի պետական քաղաքականության վարչության փոխտնօրեն Նատալյա Սավելևան և էլեկտրոնային առևտրի երկու խոշորագույն հարթակի ներկայացուցիչներ Ռաֆայել Աբրահամյանը («Վայլդբերիզ») և Ալեքսեյ Մինաևը («Օզոն»):

«Ազգային մակարդակով փորձարկման ձևաչափով ծանուցողական կարգի գործնական կիրառման համար Հանձնաժողովը հաստատել է դրա իրականացման ընդհանուր մոտեցումներն ու մեխանիզմները՝ այսպես կոչված, «ժամանակավոր կարգը», - նշել է Վալենտին Տատարիցկին՝ մեկնաբանելով իր գործընկերների ելույթները։ – Կարևոր է, որ «ժամանակավոր կարգի» մեխանիզմները, ինչպես նաև ծանուցողական կարգի ներքո ապրոբացիայի ենթարկվող ապրանքատեսակները կարող են փոփոխվել։ Ազգային մակարդակով ծանուցողական կարգի ապրոբացիայի համար կարող են ընտրվել այլ ապրանքատեսակներ և դրանց անվտանգության հաստատման առանձնահատկությունները, որոնք ավելի մեծ արդյունավետություն ցույց կտային»։

Այլ մոդելներ ընտրելիս, ինչպես նշել է ԵՏՀ նախարարը, կարևոր է ելնել այն փաստից, որ երրորդ երկրներն արդեն կարգավորում են էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգությունը, և նրանց սահմանած կանոններն այսօր արդեն առևտրի տեխնիկական խոչընդոտներ են ԵԱՏՄ պետությունների համար։ Կարևոր է մտածել ԵԱՏՄ շուկան և Միության երկրների քաղաքացիներին որ անվտանգ արտադրանքից պաշտպանելու համադրելի միջոցներ ձեռնարկելու մասին։

Դաշնային մաքսային ծառայության ղեկավարի տեղակալ Սերգեյ Շկլյաևն իր ելույթը նվիրել է ծանուցողական կարգի կիրառման հետ կապված մաքսային վարչարարության ասպեկտներին։

«Մաքսային օրենսգրքում կատարված փոփոխություններով էլեկտրոնային առևտրի ապրանքների երկու կատեգորիա է սահմանվել: Այն ապրանքների նկատմամբ, որոնք ներմուծման ժամանակ հայտարարագրվում են որպես ֆիզիկական անձանց իրացման համար նախատեսված ապրանքներ, պետք է հաստատվի տեխնիկական կարգավորման միջոցների պահպանումը (համապատասխանության գնահատման մասին փաստաթղթի առկայություն): Հանձնաժողովի հարթակում արդեն իսկ աշխատանքներ են տարվում, և ապրանքների այս կատեգորիան ներդրվում է Արտադրանքի ներմուծման կարգում,- մեկնաբանելով նշված ելույթը՝ ասել է Վալենտին Տատարիցկին։ – Ֆիզիկական անձանց կողմից ձեռք բերված ապրանքները մաքսային պահեստի ընթացակարգով չեն գրանցվում: Այս կատեգորիայի համար նախատեսվում է ընդունել ծանուցողական կարգի ներդրման մոտեցում անվտանգությունը հաստատելու համար: Եթե այն ընդունվի և կիրառվի ԵԱՏՄ մասին պայմանագրում, ապա անհրաժեշտ է մշակել ներմուծման ժամանակ նման ապրանքների վարչարարության կանոններ»։

«Ռոսստանդարտ»-ի ղեկավար Անտոն Շալաևն իր խոսքում անդրադարձել է ստանդարտների՝ որպես էլեկտրոնային առևտրի աջակցության և զարգացման գործիքի մշակման անհրաժեշտությանը, որոնց կիրառումը կնպաստի անբարեխիղճ մրցակցության դրսևորումների կանխմանը, որակյալ սպառողական ապրանքներ ստանալուն, ինչպես նաև դրանց առաքման ծառայությունների կարգավորմանը:

Նստաշրջանի մասնակիցները նշել են, որ անհրաժեշտ է համախմբված դիրքորոշում մշակել արտաքին էլեկտրոնային առևտրի ապրանքների անվտանգությունը կարգավորող մոդելի առնչությամբ, որը Հանձնաժողովն առաջարկում է ներառել Միության մասին պայմանագրում և որը, բացի ծանուցողական կարգ ներդնելուց, ենթադրում է էլեկտրոնային առևտրի զգայուն՝ Միության տեխկանոնակարգով սահմանված համապատասխանության գնահատման ընթացակարգերի ենթակա ապրանքների ցանկ սահմանելու հնարավորություն։