Նորություններ

25.07.2024

ԵՏՀ-ում քննարկել են պարզեցված բացթողում կիրառելիս ստուգում կատարելու հարցը

Նախկինում բաց թողնված ապրանքների վերջնական հայտարարագիր ներկայացնելիս մաքսային մարմինների կողմից ստուգման կարգը քննարկվել է ԵԱՏՄ երկրներում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի զարգացման մաքսային կարգավորման և մաքսային հայտարարագրման հարցերով խորհրդատվական կոմիտեին կից աշխատանքային խմբերի համատեղ նիստում:

Խորհրդակցությունն անցկացվել է հուլիսի 24-ին ԵՏՀ կենտրոնակայանում ԵՏՀ մաքսային օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի վարչության փոխտնօրեն Նուրլան Բայնազարովի նախագահությամբ։ Դրան մասնակցել է ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի շուրջ 30 ներկայացուցիչ։

Կարգը թույլ կտա ստեղծել մաքսային մարմինների և բիզնեսի գործողությունների հստակ ալգորիթմ փաստաթղթերը և տեղեկությունները ստուգելիս, եթե բիզնեսի համար կիրառվում է այնպիսի պարզեցում, ինչպիսին է բացթողումը նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը, երբ հայտարարագիրը փաստացի ներկայացվում է ապրանքների բացթողումից հետո:

«Այս նախագիծը թույլ կտա ապահովել պատշաճ կարգավորում, բարձրացնել կանխատեսելիությունը և որոշակիությունը ապրանքների հայտարարագրման պարզեցված կարգը կիրառելիս», — նշել է Նուրլան Բայնազարովը։

Բացթողումը նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ապրանքների բացթողման և հայտարարագրման պարզեցված կարգ է, երբ բացթողումն իրականացվում է պարզեցված մաքսային փաստաթղթի հիման վրա, իսկ հայտարարագիրը ներկայացվում է ավելի ուշ (մինչև հաջորդ ամսվա 10-ը կամ 15-ը):

ԵԱՏՄ անդամ պետություններում լիազորված տնտեսական օպերատորի ինստիտուտի (ԼՏՕ) զարգացման աշխատանքային խումբը ստեղծվել է 2014 թվականին և իրականացնում է ԼՏՕ ծրագրին (մաքսատան և բիզնեսի գործընկերային ծրագիր) առնչվող հարցերի մշակում։ Բացթողումը նախքան ապրանքների հայտարարագիր ներկայացնելը ԼՏՕ-ների համար նախատեսված հատուկ պարզեցումներից է: 

Մաքսային հայտարարագրման աշխատանքային խումբը ստեղծվել է 2022 թվականին, դրա գործունեության ոլորտն ընդգրկում է ապրանքների հայտարարագրման հարցեր, այդ թվում՝ նախքան մաքսային հայտարարագիր ներկայացնելը բացթողման մասին դիմումի լրացման ձևն ու կարգը։