Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ ԵԱՏՄ տնտեսությունը գործում է աննախադեպ պատժամիջոցների ճնշման պայմաններում։ Այս իրավիճակում անհրաժեշտ են նոր տնտեսական հարաբերություններ ազգային ընկերությունների և ԵԱՏՄ երկրների պետական կառույցների միջև։
«Անհրաժեշտ է ներմուծման փոխարինման և արդյունաբերական կոոպերացիայի ավելի կատարյալ համակարգ։ Հենքը կարող է լինել ինդուստրացման քարտեզը։ Այսօր այն ներառում է 158 նախագիծ՝ 273 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ, - ասել է Միխայիլ Մյասնիկովիչը։ - Պետք է որոշել առաջնահերթ նախագծերն ու ծրագրերը։ Առաջնահերթություն պետք է լինեն բիզնես նախագծերը, որտեղ առկա է կոոպերացիոն բաղադրիչ, ազգային իրավասությունների պատշաճ մակարդակ»։
«Տնտեսագիտության բարձրագույն դպրոց» ԱՀՀ-ի պրոռեկտոր, Պետական և մունիցիպալ կառավարման ինստիտուտի տնօրեն Անդրեյ Ժուլինը հետազոտություն է ներկայացրել ԵԱՏՄ իրավունքի շրջանակներում եվրասիական ընկերությունների ստեղծման հեռանկարների վերաբերյալ։ Ավելի վաղ ԵԱՏՄ կառավարությունների ղեկավարները հանձնարարել էին մշակել այդ հարցը Միջկառավարական խորհրդի նիստում։
«Եվրասիական ընկերությունների ստեղծման հիմնական նպատակն է աջակցել ԵԱՏՄ երկրների միջև արտադրական արդյունաբերության ոլորտի արդյունաբերական կոոպերացիային։ Հարցը, ըստ էության, ընկերությունների իրավական կարգավիճակն է, և նրանց ստանալիք գլխավոր արդյունքը կոոպերացիոն նախագծերի շրջանակներում կարգավորիչ խտրականության և ծախսերի վերացումն է», - ընդգծել է Անդրեյ Ժուլինը։
Ակնկալվում է, որ ծախսերի կրճատումը կապահովվի ԵԱՏՄ-ում գործող հիմնական իրավական ռեժիմի համեմատ ապրանքների, աշխատուժի, կապիտալի և ծառայությունների ազատ տեղաշարժի հետագա ընդլայնման հաշվին։ Միևնույն ժամանակ, առաջարկվում է օգտագործել այնպիսի գործիքներ, ինչպիսիք են ընկերության անդրսահմանային տեղաշարժի հնարավորությունը և, համապատասխանաբար, նրա ակտիվների և արտադրության գործոնների տեղաշարժի ավելի ազատական ռեժիմը, ազատական կորպորատիվ կարգավորումը, հարկային սահմանափակումների վերացումը:
Հանդիպման մասնակիցները ներկայացրել են իրենց առաջարկները այս ուղղությամբ հետագա աշխատանքի վերաբերյալ։ Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ, ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Շոխինը ուշադրություն է հրավիրել գործունեության ոլորտների ու տեսակների սահմանման անհրաժեշտությանը։
«Խոսքը պետք է լինի ոչ թե ընկերությունների ստեղծման, այլ արդեն գործող վերազգային ընկերություններին կարգավիճակ տալու մասին»,- ասել է Ալեքսանդր Շոխինը։
ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Նիկոլայ Կուշնարևը նիստի մասնակիցներին տեղեկացրել է ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման մեխանիզմների մշակման մասին։
«Այս հարցի նախաձեռնողը բիզնեսն է, որը շահագրգռված է աշխատել արդյունաբերական կոոպերացիայի համար նախատեսված միջոցների արժեքի նվազեցման ուղղությամբ։ Առաջարկվում է օգտագործել վարկերի տոկոսադրույքի սուբսիդավորումը, որը արդունաբերության աջակցության համաշխարհային պրակտիկա է», - նշել է Նիկոլայ Կուշնարևը։
Միխայիլ Մյասնիկովիչի խոսքով՝ ԵՏՀ խորհուրդը աջակցել է Ֆինանսավորման մեխանիզմների վերաբերյալ Հանձնաժողովի նախաձեռնություններին։ Գործնականում առաջարկների իրականացման համար Հանձնաժողովը պետքէ օժտվի համապատասխան լիազորություններով, ինչպես նաև կպահանջվի իրականացման մեխանիզմների և գործիքների նկարագրության մասով լրացուցիչ նորմատիվ ակտերի մշակում:
Խորհրդատվական խորհրդի անդամները քննարկել են լոգիստիկ շղթաների վերականգնման հեռանկարները։ Դրան կնպաստի մաքսային տարանցման միասնական համակարգը։
«Հանձնաժողովն ակտիվորեն աշխատում է նաև այս ուղղությամբ։ Մաքսային տարանցման միասնական համակարգի մասին համաձայնագրի նախագիծը նախապատրաստվում է «5+» մոդելով։ Հետագայում այն պետք է դառնա տրանսպորտային-լոգիստիկ մեգանախագծի երեք բաղադրիչներից մեկը, որը մենք քննարկել ենք ՇՀԿ գլխավոր քարտուղարի հետ Սամարղանդի գագաթնաժողովում։ Այն կներառի հստակ միջազգային տրանսպորտային միջանցքների մշակում, դրանց թվայնացում՝ Հանձնաժողովի կողմից մշակվող էկոհամակարգի հիման վրա, և մաքսային տարանցում՝ նավիգացիոն կնիքների կիրառմամբ», - հայտարարել է Միխայիլ Մյասնիկովիչը։
Ղրղզստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ, ԵԱՏՄ Գործարար խորհրդի նախագահության անդամ Դանիլ Իբրաևն իր հերթին նշել է, որ տրանսպորտային-լոգիստիկ նախագծերի գրանցամատյանի ձևավորումից բացի, անհրաժեշտ է անցնել իրականացման կոնկրետ խնդիրներին:
«Մենք պետք է հասկանանք, թե ինչ նեղ հատվածներ կան՝ դրանք ընդլայնելու և տրանսպորտային միջանցքները առավելագույնս արդյունավետ դարձնելու համար», - ասել է Դանիլ Իբրաևը: Նա նաև առաջարկներ է հնչեցրել էլեկտրատրանսպորտի ներուժը բեռնափոխադրումներում օգտագործելու վերաբերյալ։
Առանձնահատուկ ուշադրություն է դարձվել ԵՏՀ-ի և ԵԱՏՄ երկրների գործարար համայնքի միջև փոխգործակցության կատարելագործմանը։ Ինչպես ընդգծել է ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևը, մինչ այժմ այդ աշխատանքը Հիրականացվել է անձնաժողովի բլոկերի կողմից բավականին անջատաբար, արդյունքում միևնույն հարցերը քննարկվում էին մի քանի անգամ։
«Անհրաժեշտ է համակարգված մոտեցում, այս աշխատանքի վերսկսում։ Այսօրվանից ԵՏՀ ձեռնարկատիրական գործունեություն զարգացման վարչությունը կդառնա Հանձնաժողովի և ԵԱՏՄ Գործարար խորհրդի միջև փոխգործակցության «միասնական պատուհանը»։ Ավելին, յուրաքանչյուր երկրի համար կամրագրվի հատուկ աշխատակից», - նշել է Բակիտժան Սագինտաեւը։
Նա նաև ԵԱՏՄ Գործարար խորհրդին կոչ է արել ակտիվացնել աշխատանքները Հանձնաժողովի որոշումների նախագծերի կարգավորիչ ազդեցության գնահատման և հետագայում՝ Հանձնաժողովի գործող որոշումների փաստացի ազդեցության գնահատման ընթացակարգերի անցկացման շրջանակներում գործարար համայնքների համախմբված դիրքորոշումներ ձևավորելու և Հանձնաժողովին ներկայացնելու ուղղությամբ:
Բացի այդ, հանդիպման մասնակիցները քննարկել են Ռազմավարություն-2025-ի կատարման ընթացքը և դրա իրականացման պլանի վերաբեյալ բիզնեսի առաջարկները, երրորդ երկրների գործարար համայնքի հետ համագործակցության զարգացման հարցեր, ինչպես նաև ԵԱՏՄ-ում ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի ձևավորման ուղղությամբ Հանձնաժողովի աշխատանքը: ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևի խոսքով՝ այժմ հատկապես ակնհայտ է ԵԱՏՄ ընդհանուր բորսայական տարածքի ստեղծման անհրաժեշտությունը։
«Բելառուսի ապրանքային բորսայում ռապսի ձեթի առաջին իմիտացիոն աճուրդը հաջող է անցել, և այսօր ռուսական կողմն առաջարկում է արդեն այս տարի գործարկել երկու ապրանքատեսակի աճուրդը ընդհանուր բորսայական շուկայում։ Մենք կարծում ենք, որ դա միանգամայն հնարավոր է»,- ասել է Սերգեյ Գլազևը։
«Բելառուսի համընդհանուր ապրանքային բորսայի» վարչության նախագահի տեղակալ Իրինա Նարկևիչը հավելել է, որ ԵԱՏՄ բորսաները սերտորեն համագործակցում են միմյանց հետ։
«Մենք կողմ ենք ապրանքների ընդհանուր բորսայական շուկայի կառավարման համար բորսայական կոմիտե ստեղծելու վերաբերյալ ռուսական կողմի առաջարկին», - նշել է Իրինա Նարկևիչը։
ԵԱՏՄ Գործարար խորհրդի ներկայացուցիչները բազմաթիվ առաջարկներ են ներկայացրել մաքսային տարանցման և եվրասիական տրանսպորտային միջանցքների ձևավորման, ԵԱՏՄ տեղեկատվական ռեսուրսների զարգացման, երիտասարդական նախաձեռնությունների իրականացման և այլ հարցերի վերաբերյալ։