Նորություններ

03.03.2023 (Обновлено: 06.03.2023 16:53)

ԵԱՏՄ երկրների ագրարային բուհերը կպատրաստեն սելեկցիայի և սերմնաբուծության մասնագետներ

Մարտի 2-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ագրոարդյունաբերական բլոկի ներկայացուցիչների և ԵԱՏՄ երկրների բուհերի ղեկավարության մասնակցությամբ տեղի ունեցավ «Սելեկցիայի և սերմնաբուծության ներկա վիճակը և մեթոդները Եվրասիական տնտեսական միության անդամ պետություններում» համատեղ կրթական առցանց դասընթացի բացումը։

Կրթական դասընթացը կազմակերպվել է շահագրգիռ բուհերի կողմից՝ ԵՏՀ ագրոարդյունաբերական բլոկի համակարգմամբ, արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի համար կադրերի պատրաստման ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների միջև փոխգործակցության զարգացման հուշագրի իրականացման շրջանակներում:

«ԵՏՀ ագրոարդյունաբերական բլոկը շահագրգռված է ագրարային կրթության հեղինակության բարձրացմամբ և երիտասարդ սերնդի մոտ բիզնեսի գործնական կարիքներին ուղղված առաջադեմ հմտությունների և գիտելիքների ձևավորմամբ: Ոլորտը սեփական ցանքային նյութով ապահովելու համար կարևոր է մեր երկրներում մրցունակ սելեկցիոներների և սերմարտադրողների պատրաստումը», — նշել է Հանձնաժողովի ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության տնօրեն Արմեն Հարությունյանը, հանդես գալով ողջույնի խոսքով։

Կրթական դասընթացին մասնակցում են ԵԱՏՄ չորս երկրի հինգ համալսարանի 100-ից ավելի ուսանողներ և ուսուցիչներ։ Դասընթացի ընթացքում ուսանողները գիտելիքներ կստանան սերմնաբուծության օրենսդրական բազայի առանձնահատկությունների և Միության պետությունների համար միասնական ապրոբացիայի ու գրունտային վերահսկողության մեթոդիկաների մասին, ինչպես նաև կծանոթանան բուսաբուծության կենսատեխնոլոգիական մեթոդներին, վիրուսազերծ տնկանյութ ստանալու հնարավորություններին և բազմաթիվ այլ հետաքրքիր փաստերին։

Առաջին դասախոսությամբ հանդես է եկել ԵՏՀ ագրոարդյունաբերական քաղաքականության վարչության պետ Անդրեյ Դրոբիշևսկին՝ ուսանողներին ներկայացնելով Եվրասիական տնտեսական միությունում սերմնաբուծության վերազգային կարգավորման ընթացիկ վիճակն ու խնդիրները։

Դասընթացի թեմայի արդիականությունը պայմանավորված է որոշակի տեսակի գյուղատնտեսական մշակաբույսերի սերմերից ներմուծման զգալի կախվածությամբ: Սերմերի ներմուծման համար ԵԱՏՄ երկրների տարեկան ծախսերը կազմում են ավելի քան 1 մլրդ դոլար կամ բուսաբուծության համար նյութատեխնիկական ռեսուրսների ներմուծման 30%-ը։ Միությունում գյուղատնտեսական բույսերի սերմացուի համար առավել բարձր ծախսերը 2021 թվականին գրանցվել են արևածաղկի համար՝ 268 միլիոն դոլար, եգիպտացորենի և բանջարեղենի համար՝ 158-ական միլիոն դոլար և շաքարի ճակնդեղի համար՝ 124 միլիոն դոլար։ Ընդ որում, արտերկրից ԵԱՏՄ ներկրված շաքարի ճակնդեղի սերմերի օգտագործման բաժինը կազմում է ավելի քան 90%, արևածաղկի՝ 60%, եգիպտացորենի և կանճրակի սերմի՝ ավելի քան մեկ երրորդը։

Տեղեկանք

Առցանց կրթական դասընթացի մասնակից բուհերն են՝ Հայաստանի ազգային ագրարային համալսարանը, Բելառուսի Հոկտեմբերյան հեղափոխության և Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանների պետական գյուղատնտեսական ակադեմիան, Ղրղզստանի Կ.Ի. Սկրյաբինի անվան ազգային ագրարային համալսարանը, ինչպես նաև Վորոնեժի կայսր Պետրոս I-ի անվան պետական ագրարային համալսարանը և Ռուսաստանի պետական ագրարային համալսարանը՝ Կ.Ա. Տիմիրյազևի անվան ՄԳՏԱ-ն: