Նորություններ

04.12.2023

Անդրեյ Սլեպնևը. «ԵԱՏՄ և Իրանը ազատ առևտրի ռեժիմով լիաձևաչափ տնտեսական ինտեգրման և ոլորտային համագործակցության խորացման մոդելին անցնելու շեմին են»

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը մասնակցել է EURASIA EXPO երկրորդ միջազգային ցուցահանդեսին, որը մեկնարկել է 2023 թվականի դեկտեմբերի 4-ին Թեհրանում։

«Լոգիստիկան և տրանսպորտային կապվածությունը, «Հյուսիս-Հարավ» տնտեսական միջանցքի զարգացումը, թվայնացումը և տեխնոլոգիական փոխակերպումը, տեխնոլոգիական ինքնիշխանությունը և փոխադարձ օգնությունը դրան հասնելու գործում, ֆինանսական ոլորտը՝ համագործակցության այս բոլոր ուղղություններն այսօր սկզբունքային նշանակություն ունեն», – նշել է ԵՏՀ նախարարը ցուցահանդեսների բացման արարողությանը:

Նա հիշեցրել է, որ սկսած 2019 թվականի հոկտեմբերից՝ ԵԱՏՄ և Իրանի միջև գործում է ժամանակավոր պրեֆերենցիալ առևտրային համաձայնագիր, ըստ որի՝ փոխադարձ առևտրում մաքսատուրքերը ապրանքների սահմանափակ անվանացանկի համար նվազեցվել կամ վերացվել են։

«Մենք տեսնում ենք, որ վերջին երեք տարվա ընթացքում ԵԱՏՄ և Իրանի միջև առևտուրը կրկնապատկվել է։ Տեսնում ենք, որ երկու կողմերի բիզնեսը շահագրգռված է կոոպերացիայի պայմանների հետագա բարելավմամբ։ Մեր պատասխանն այս հարցմանը այն է, որ մինչև այս ամսվա վերջ կստորագրվի լիաձևաչափ համաձայնագիր, որով կսահմանվի, որ գրեթե ողջ առևտուրը կիրականացվի անմաքս եղանակով, ինչպես նաև կկրճատվեն ոչ սակագնային արգելքները։ Վստահ եմ, որ առկա են առևտուրը կրկին կրկնապատկելու բոլոր հնարավորությունները», – ավելացրել է Անդրեյ Սլեպնևը։