Եվրասիական տնտեսական հանձնաժողովի առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը մարտի 25-26-ը Ժնև կատարած աշխատանքային այցի ընթացքում հանդիպել է Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության բաժանմունքի, ՄԱԿ-ի Եվրոպայի տնտեսական հանձնաժողովի (ՄԱԿ ԵՏՀ), ՄԱԿ-ի Առևտրի և զարգացման խորհրդաժողովի (ՄԱԱԶԽ) և Առևտրի համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) և Առևտրի միջազգային կենտրոնի (ԱՄԿ) ղեկավարների հետ երկխոսության զարգացման հեռանկարների քննարկման և ընդհանուր մարտահրավերները հաղթահարելու ջանքերի համակարգման համար:
ՄԱԱԶԽ-ի գլխավոր քարտուղար Ռեբեկա Գրինսպանը և Անդրեյ Սլեպնևը նշել են կայուն զարգացման, տարածաշրջանային տնտեսական ինտեգրման, մակրոտնտեսական քաղաքականության, առևտրի ընթացակարգերի պարզեցման, մրցակցության ոլորտի քաղաքականության և սպառողների պաշտպանության ոլորտում փոխգործակցության արդյունքների կարևորությունը: Հանդիպման արդյունքում հավանության է արժանացել համագործակցության նոր եռամյա ծրագիրը, ինչպես նաև պայմանավորվածություն է ձեռք բերվել բաց և կառուցողական երկխոսություն զարգացնել միջազգային օրակարգի այնպիսի հրատապ հարցերի շուրջ, ինչպիսիք են կլիմայական օրակարգի առևտրային ասպեկտները և էլեկտրոնային առևտրի կարգավորումը:
ՄԱԿ ԵՏՀ գործադիր քարտուղար Տատյանա Մոլչանի հետ զրույցի ընթացքում ԵՏՀ առևտրի նախարարը շահագրգռվածություն է հայտնել շփումները շարունակելու հարցում՝ տարածաշրջանային մակարդակով արդյունավետ լուծումներ մշակելու և գործողությունները համակարգելու նպատակով, այդ թվում՝ միջազգային տրանսպորտային միջանցքների թվայնացման և տարածաշրջանում ձևավորվող թվային ենթակառուցվածքի տարբեր բաղադրիչների համատեղելիության ապահովման գործողությունները։ Հանդիպման ընթացքում համաձայնեցվել է նաև մինչև 2026 թվականը համագործակցության նոր պլանը։
Անդրեյ Սլեպնևն ընդգծել է, որ «ՄԱԱԶԽ-ի հետ համագործակցության ծրագրում և հաջորդ եռամյա ժամանակահատվածի՝ 2024-2026 թվականների համար ՄԱԿ ԵՏՀ-ի հետ համագործակցության պլանում ընդգրկված ուղղություններով փոխգործակցության ուժեղացումը կնպաստի ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների իրականացմանը և «Եվրասիական տնտեսական ուղի» Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականը ժամանակահատվածի համար տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրի դրույթների իրագործմանը։
Առևտրի համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Նգոզի Օկոնջո Իվեալայի հետ ԵՏՀ առևտրի նախարարը քննարկել է այս տարվա փետրվարին Աբու Դաբի քաղաքում (ԱՄԷ) կայացած ԱՀԿ 13-րդ նախարարական խորհրդաժողովի արդյունքները: Անդրեյ Սլեպնևը ԱՀԿ ղեկավարին տեղեկացրել է առևտրային հոսքերի վերակողմնորոշման պայմաններում և համաշխարհային տնտեսության և առևտրի մասնատման աճող ռիսկերի ֆոնին Եվրասիական տնտեսական միության առևտրային քաղաքականության իրականացման մասին։
«Միջազգային մակարդակով պետք է մշակվեն կլիմայական կարգավորման միջոցների կիրառման հստակ կանոններ և սահմաններ առևտրի սահմանափակումները և մասնատումը թույլ չտալու նպատակով։ Նման կանոններ պետք է մշակվեն բազմակողմ առևտրային համակարգի շրջանակներում արդեն առկա համաձայնագրերի հիման վրա, այդ թվում՝ անխտրականության, բացության, արդյունավետության և թափանցիկության հիմնական սկզբունքների հիման վրա», - նշել է ԵՏՀ առևտրի նախարարը։
Միջազգային առևտրի կենտրոնի գործադիր տնօրեն Պամելա Քոք Համիլթոնի հետ հանդիպմանը ԵՏՀ առևտրի նախարարը կարևորել է առանցքային միջազգային կազմակերպությունների և տարածաշրջանային միավորումների ջանքերի միավորումը կլիմայի փոփոխությունների խնդիրների լուծման ընդհանուր մոտեցումներ մշակելու համար, որոնք, ի թիվս այլնի, կնախատեսեին առևտրային հարցերի համար պատասխանատու ղեկավարնեի երկխոսությունը՝ ուղղված կիրառվող միջոցների թափանցիկության ապահովմանը և հնարավոր արգելքների վերացմանը։ ԱՄԿ-ն և ԵՏՀ-ն պայմանավորվել են համաձայնեցնել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող տարբեր ոլորտների հարցեր, ներառյալ առևտրի թվայնացումը:
Ժնևում Միավորված ազգերի կազմակերպության բաժանմունքի ղեկավար Տատյանա Վալովայայի հետ Անդրեյ Սլեպնևը քննարկել է Կայուն զարգացման նպատակների և «Եվրասիական տնտեսական ուղի» հռչակագրի իրականացման համատեքստում ԵՏՀ-ի և ՄԱԿ-ի համակարգի միջազգային կազմակերպությունների փոխգործակցության ընդհանուր խնդիրները:
Տեղեկանք
ԵՏՀ առևտրային բլոկը, որը գլխավորում է առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը, ՄԱԿ ԵՏՀ-ի, ՄԱԱԶԽ-ի. ԱՀԿ-ի և ԱՄԿ-ի հետ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի փոխգործակցության համակարգողն է: