ԵԱՏՄ և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև Ազատ առևտրի համաձայնագրին համապատասխան ստեղծված Համատեղ կոմիտեի չորրորդ նիստը տեղի է ունեցել Մոսկվայում՝ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հարթակում։ Հանդիպումն անցել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևի և Վիետնամի արդյունաբերության և առևտրի նախարար Նգուեն Հոնգ Զիենի նախագահությամբ։
«Վիետնամը մեզ համար ժամանակով փորձված գործընկեր է, քանի որ հենց այս երկրի հետ է Եվրասիական տնտեսական միությունը կնքել ազատ առևտրի առաջին համաձայնագիրը։ Արդեն վեց տարի այս փաստաթղթի հիման վրա մենք զարգացնում ենք առևտրատնտեսական համագործակցությունը, և մեծապես դրա շնորհիվ մեզ հաջողվել է զգալիորեն մեծացնել փոխադարձ ապրանքաշրջանառությունը», - իր ելույթում նշել է Անդրեյ Սլեպնևը։
Նրա խոսքով՝ 2021 թվականին փոխադարձ առևտրի ծավալը հասել է 7,8 միլիարդ դոլարի, որը 25%-ով գերազանցում է 2020 թվականի արդյունքները։ Միաժամանակ ԵԱՏՄ արտահանումն աճել է 36%-ով, ներմուծումն ավելացել 21%-ով։ Ընդհանուր առմամբ, Ազատ առևտրի համաձայնագրի իրագործման առաջին հինգ տարվա արդյունքներով Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի միջև ապրանքաշրջանառության աճը կազմել է 32,2%։
Իր հերթին Նգուեն Հոնգ Զիենը վստահություն է հայտնել մեծ ներուժի վերաբերյալ , որը պահպանվում է առևտրատնտեսական փոխգործակցության հետագա մեծացման համար։ Նախարարի խոսքով՝ Վիետնամի և ԵԱՏՄ աշխատանքային մարմինների նիստերի ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները թույլ կտան համաձայնագիրը որակական նոր մակարդակի հասցնել։
Այդ կապակցությամբ կողմերը պայմանավորվել են շարունակել խորհրդակցությունները համաձայնագրի զարգացման, մասնավորապես՝ միմյանց շուկանեյ այնիսի ապրանքների մուտքի ընդլայնման վերաբերյալ, ինչպիսիք են կոնյակի արտադրանքի և այլ։
Նիստի եզրափակիչ արձանագրությունում նշվել է վիետնամական կողմի՝ ԵԱՏՄ երկրներից իր տարածք ցորենի արտահանման ավելացման հարցը մշակելու պատրաստակամությունը, ինչպես նաև հաստատվել է գործընկերների մտադրությունը՝ կազմակերպել անասնաբուժական տեսուչների այց անոսկր տավարի մսի մատակարարումների հավաստագրման գործընթացն ավարտին հասցնելու նպատակով:
Հավանության են արժանացել Ապրանքների ծագման որոշման հատուկ չափորոշիչների արդիականացված ցանկը և ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին Արձանագրության նախագիծը՝ Հավաստագրման և ծագման ստուգման էլեկտրոնային համակարգի շրջանակներում:
Եզրափակելով՝ Համատեղ կոմիտեի մասնակիցներն անդրադարձել են համագործակցության նոր ուղղություններին, ինչպիսիք են փորձի և հասանելի լավագույն տեխնոլոգիաների փոխանակումը կլիմայական օրակարգի շրջանակներում։
Տեղեկանք
Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների՝ մի կողմից, և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև՝մյուս կողմից, կնքված Ազատ առևտրի համաձայնագիրը ստորագրվել է 2015 թվականի մայիսի 29-ին և ուժի մեջ մտել 2016 թվականի հոկտեմբերի 5-ին։ Փաստաթուղթն ամրագրում է մասնակիցների փոխադարձ պարտավորությունները՝ համաձայնագրով գործընկեր երկրներից ապրանքների և ծառայությունների մատակարարների համար փոխադարձ առևտրի շրջանակներում իրենց շուկաներ մուտքի ընդլայնման մասով: