Նորություններ

17.04.2024

Արզիբեկ Կոժոշևը մասնակցել է տրանսպորտի կայուն զարգացմանը նվիրված կլոր սեղանին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը ապրիլի 17-ին Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտում (ՄԳԻՄՕ) կայացած «Տրանսպորտային դիվանագիտությունը և կայուն զարգացումը գլոբալ շարժունակության ապահովման գործում» կլոր սեղանի ընթացքում խոսել է Եվրասիական տնտեսական միության տրանսպորտային քաղաքականության հիմնական ուղղությունների մասին։

«Ինտեգրման միջնաժամկետ և երկարաժամկետ հեռանկարներն ամրագրված են «Եվրասիական տնտեսական ուղի» ԵԱՏՄ շրջանակներում մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածում տնտեսական գործընթացների հետագա զարգացման մասին հռչակագրում: Փաստաթղթի առանցքային ուղղություններից է ընդհանուր տրանսպորտալոգիստիկ տարածության ձևավորումը, — ասել է Արզիբեկ Կոժոշևը։ — Տնտեսական առաջընթացի հասնելը, կայուն զարգացման ապահովման և ազգային տնտեսությունների մրցունակության բարձրացման ընդհանուր խնդիրների լուծումն ակնկալվում է, ի թիվս այլնի, տրանսպորտային քաղաքականության իրականացման, Եվրասիայի տրանսպորտային միջանցքների համաձայնեցված զարգացման և Մեծ Եվրասիայի նորացված տրանսպորտաենթակառուցվածքային հիմնակմախքի ստեղծման միջոցով։

ԵՏՀ նախարարը կարևորել է կլոր սեղանը՝ ընդգծելով, որ նման միջոցառումները նոր լիցք են հաղորդում տրանսպորտային ոլորտի կայուն զարգացման ուղղությամբ Հանձնաժողովի և Եվրասիական տնտեսական միության երկրների համատեղ աշխատանքին։

Կլոր սեղանը համընկել է ապրիլի 15-ից 19-ը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հովանու ներքո անցկացվող «Կայուն զարգացման շաբաթվա» հետ։ Միջոցառմանը մասնակցել են ԵԱՏՄ տրանսպորտալոգիստիկ հատվածի, գործարար համայնքի և գիտական շրջանակների ներկայացուցիչներ։