Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը բարձրաձայնել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցային քաղաքականության զարգացման հիմնական ուղղությունները՝ ելույթ ունենալով Պեկինում (ՉԺՀ) Արդար մրցակցության քաղաքականության միջազգային համաժողովի ընթացքում։
ԵՏՀ նախարարը նշել է, որ Չինաստանը Եվրասիական տնտեսական միության կարևոր առևտրային գործընկերներից է՝ սահմաններ ունենալով ԵԱՏՄ երկրների մեծ մասի հետ։
«2022 թվականին Եվրասիական տնտեսական միության և Չինաստանի միջև ապրանքաշրջանառությունն աճել է գրեթե 30%-ով։ Արտահանումն ավելացել է մոտ 40%-ով, ներմուծումը՝ 20%-ով։ ԵԱՏՄ-ի և Չինաստանի միջև առևտրի ծավալը 2022 թվականին գերազանցել է 200 միլիարդ դոլարը։ Այս առումով չափազանց կարևոր է ընդլայնել համագործակցությունը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Չինաստանի միջև մրցակցության ոլորտում», — նշել է Բախիթ Սուլթանովը։
ԵՏՀ նախարարի խոսքով՝ հակամենաշնորհային գերատեսչությունների մրցակցային քաղաքականության զարգացման վեկտորը փոխվում է ապագլոբալացման և տարածաշրջանացման ազդեցության տակ։ Ուշադրության կենտրոնում հայտնում են մեծապես տարածաշրջանային ինտեգրացիոն միավորումները:
Շարունակվում է նաև թվային շուկաներում արդար մրցակցության պահպանմանն ուղղված օպտիմալ գործիքների որոնման ինտենսիվ աշխատանքը:
«Թվային միջավայրը նոր մարտահրավեր է հակամենաշնորհային գերատեսչությունների համար։ Համաշխարհային մակարդակով քննարկվում են դրա կարգավորման նախաձեռնությունները։ Առաջարկությունները բազմազան են և պահանջում են մեծ ուշադրություն և մանրակրկիտ ուսումնասիրություն», — հավելել է ԵՏՀ նախարարը։
Համաժողովի շրջանակներում կայացել է Բախիթ Սուլթանովի հանդիպումը ՉԺՀ Ազգային հակամենաշնորհային բյուրոյի ղեկավար Գան Լինի հետ։
Քննարկելով ԵՏՀ-ի և Չինաստանի հակամենաշնորհային կարգավորչի փոխգործակցությունը՝ Բախիթ Սուլթանովը նշել է, որ անհրաժեշտ է շարունակել մրցակցության կանոնների խախտումների հետաքննության և ապրանքային շուկաների հետազոտությունների իրականացման փորձի ակտիվ փոխանակումը:
«Այսօրվա դրությամբ Չինաստանի մրցակցային օրենսդրությունը կարելի է անվանել առաջադեմ: Այստեղ նրանք առաջիններից էին, որ փորձ արեցին օրենսդրորեն կարգավորել ՏՏ հսկաների գործունեությունը թվային շուկաներում։ Մենք կցանկանայինք ուսումնասիրել այս փորձը և հետագայում, հնարավոր է, ներդնել առաջադեմ նորամուծությունները Միության օրենսդրության մեջ», — ասել է Բախիթ Սուլթանովը:
Նիստի արդյունքում Հանձնաժողովը հրավեր ստացավ փորձագիտական մակարդակով մասնակցելու «Մեկ գոտի, մեկ ուղի» ծրագրի շրջանակներում անցկացվող մրցակցության հարցերով ուսումնական դասընթացին, որը տեղի կունենա այս տարվա հոկտեմբերին։
Այսօրվա դրությամբ մրցակցության ոլորտում ԵՏՀ-ի և ՉԺՀ-ի միջև փոխգործակցությունը պաշտոնականացված է 2018 թվականին ստորագրված Առևտրատնտեսական համագործակցության համաձայնագրով, ինչպես նաև 2021 թվականի Մրցակցության քաղաքականության և հակամենաշնորհային կարգավորման ոլորտում փոխըմբռնման հուշագրով։ ԵՏՀ արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության տեղեկատվական ապահովման բաժին