Նորություններ

21.07.2022

Բակիտժան Սագինտաևը Ղազախստանի ֆինանսական շուկայի ներկայացուցիչների հետ քննարկել է եվրասիական ինտեգրման զարգացման հարցեր

Հուլիսի 21-ին Ալմաթիում տեղի է ունեցել տնտեսության և ֆինանսական քաղաքականության հարցերով նախարար Բակիտժան Սագինտաևի հանդիպումը Ղազախստանի ֆինանսական շուկայի մասնակիցների հետ։

 

Հանդիպմանը մասնակցել են Ղազախստանի Հանրապետության ֆինանսական շուկայի կարգավորման և զարգացման հարցերով գործակալության նախագահ Մադինա Աբիլկասիմովան, Ղազախստանի Ազգային բանկի փոխնախագահ Վիտալի Տուտուշկինը, Ղազախստանի ֆինանսիստների ասոցիացիայի նախագահ Ելենա Բախմուտովան, բանկային և ապահովագրական հատվածների ներկայացուցիչները, ինչպես նաև արժեթղթերի շուկայի պրոֆեսիոնալ մասնակիցները:

Բակիտժան Սագինտաևն իր գործընկերներին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության ֆինանսական շուկաների ոլորտում Հանձնաժողովի աշխատանքի մասին։

«Ֆինանսական շուկաների ոլորտում ինտեգրման իրականացումը հիմնական խնդիրներից մեկն է։ Վստահ եմ, որ դրա լուծումը թույլ կտա պայմաններ ստեղծել Միության ներսում կապիտալի և ֆինանսական ծառայությունների անարգել տեղաշարժի համար, կբարձրացնի ներդրումային և ֆինանսական ծառայությունների հասանելիությունն ու բազմազանությունը, – նշել է նախարարը: – Այսպես, բանկային և ապահովագրական ոլորտներում աշխատանքներ են տարվում ստանդարտացված լիցենզիայի ինստիտուտի ներդրման, իսկ արժեթղթերի շուկայի մասով՝ միասնական բորսայական տարածքի ստեղծման ուղղությամբ»։

Առևտրային հարաբերություններում ազգային արժույթների օգտագործման զարգացման գործընթացները քննարկելիս հանդիպման մասնակիցները նշել են, որ ինտեգրացիոն գործընթացների շնորհիվ՝ ազգային արժույթներով փոխադարձ առևտրի բաժինը գերազանցել է 70%-ը՝ հետագա աճի ներուժի առկայության պարագայում։

Բակիտժան Սագինտաևը նշել է, որ «չնայած ազգային արժույթներով փոխադարձ հաշվարկների կայուն աճին, անհրաժեշտ է ավելացնել անդամ պետությունների միջև փոխադարձ առևտրային և ֆինանսական հոսքերը»:

Հանդիպման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել եվրասիական ինտեգրման շրջանակներում հետագա փոխգործակցության և համագործակցության ամրապնդման շուրջ։