Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը դեկտեմբերի 6-ին Ալմաթիում ողջույնի խոսքով է դիմել Եվրասիական զարգացման բանկի «Աջակցություն Կենտրոնական Ասիայի կայուն զարգացմանը» խորհրդաժողովի մասնակիցներին։
ԵՏՀ կոլեգիայի ղեկավարն ընդգծել է, որ Եվրասիական տարածաշրջանի երկրների առջև ծառացած գլոբալ մարտահրավերների թվում է կլիմայի փոփոխությունը, որը ազդում են մարդկանց կյանքի բոլոր ասպեկտների վրա, ներառյալ տնտեսությունը։
«Հաշվի առնելով այս հարցի կարևորությունը՝ 2021 թվականին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները հայտարարություն են ընդունել տնտեսական համագործակցությունը կլիմայի փոփոխության և դրա հետևանքների դեմ պայքարի շրջանակներում զարգացնելու մտադրության մասին, - ընդգծել է Բակիտժան Սագինտաևը։ - Այն ամրագրում է Փարիզի համաձայնագրի նպատակների և ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրականացման մտադրությունը՝ ելնելով ԵԱՏՄ միասնական շուկայի գործունեության սկզբունքներից»։
Ինչպես նշել է ԵՏՀ կոլեգիայի նախագահը, տնտեսական ինտեգրումը կարող է դառնալ ԵԱՏՄ երկրների կողմից ԿԶՆ ցուցանիշներին հասնելու վրա դրական ազդեցություն գործող լրացուցիչ գործոն։
Բակիտժան Սագինտաևը նաև հայտնել է, որ այս տարի Հանձնաժողովը սկսել է նախապատրաստել «ԵԱՏՄ տարածաշրջանում ՄԱԿ ԿԶՆ-ների իրականացման ցուցանիշները 2.0» նոր զեկույցը: Այն նախատեսվում է ներկայացնել 2025 թվականի հուլիսին Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում՝ Կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական համաժողովի շրջանակներում։