Նորություններ

24.10.2024

Բակիտժան Սագինտաևը մասնակցել է ԲՐԻԿՍ-ի գագաթնաժողովին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Կազանում մասնակցել է ԲՐԻԿՍ-ի «ԲՐԻԿՍ-ը և Գլոբալ Հարավը. ավելի լավ աշխարհի համատեղ կառուցում» 16-րդ գագաթնաժողովին:

Գագաթնաժողովի ընթացքում ավելի քան 30 պետության և մի շարք առաջատար միջազգային միավորումների առաջնորդներ քննարկել են աշխարհում ինտեգրացիոն համագործակցության ամրապնդման մասշտաբային հարցեր՝ ներառյալ եվրասիական տարածքը։

Մասնավորապես, նշվել է, որ Եվրասիական տնտեսական միության և ԲՐԻԿՍ երկրների միջև առևտուրը դինամիկորեն զարգանում է և ունի հետագա աճի մեծ ներուժ։ ԲՐԻԿՍ պետությունների հետ ապրանքների առևտրաշրջանառությունը 2023 թվականին գերազանցել է 359 մլրդ ԱՄՆ դոլարը և 2022 թվականի համեմատ աճել 26%-ով, իսկ եթե համեմատենք 2015 թվականի հետ, ապա 3.7 անգամ։

Ընդ որում, ԲՐԻԿՍ երկրների տեսակարար կշիռը ԵԱՏՄ պետությունների արտաքին առևտրաշրջանառության մեջ 2023 թվականին 2021 թվականի համեմատ աճել է գրեթե երկու անգամ։

Միությունը ակտիվ երկխոսություն է վարում ԲՐԻԿՍ-ում ընդգրկված երկրների մեծ մասի հետ։ Օրինակ՝ Չինաստանի հետ առևտրատնտեսական համագործակցության համաձայնագիր է կնքվել, և գործում է դրա զարգացման ճանապարհային քարտեզ։ Հնդկաստանի հետ քննարկվում է ազատ առևտրի գոտու ստեղծման հարցը։ Ընդ որում, Չինաստանը և Հնդկաստանը ԵԱՏՄ-ի խոշորագույն առևտրային գործընկերներն են։

Ակտիվորեն զարգանում է Միության համագործակցությունը Իրանի հետ: 2023 թվականի դեկտեմբերին ԵԱՏՄ և Իրանը ազատ առևտրի համաձայնագիր են ստորագրել։ Իսկ արդեն 2024 թվականի մայիսին Իրանը հարցում էր ուղարկել ԵԱՏՄ կից դիտորդ պետության կարգավիճակ ստանալու համար։

ԵԱՏՄ և ԲՐԻԿՍ միջև համակարգային երկխոսություն կառուցելու ջգտումն արտացոլված է Միության միջազգային գործունեության հիմնական ուղղություններում։ Մյուս տարի, օրինակ, նախատեսվում է առևտրի կարգավորման, թվային տնտեսության զարգացման, մաքսային վարչարարության, արդյունաբերական համագործակցության, տրանսպորտալոգիստիկ և էներգետիկ ոլորտներում լավագույն փորձի փոխանակում:

2024 թվականին ԲՐԻԿՍ-ը նախագահում է ԵԱՏՄ անդամներից մեկը՝ Ռուսաստանի Դաշնությունը։