Նորություններ

20.09.2024

Բակիտժան Սագինտաևը բանակցություններ է վարել ԷԿՕՍՕՍ-ի նախագահ Ռոբերտ Ռեյի հետ

Սեպտեմբերի 19-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը Նյու Յորքում Միավորված ազգերի կազմակերպության կենտրոնակայանում աշխատանքային հանդիպում է ունեցել ՄԱԿ-ի Տնտեսական և սոցիալական խորհրդի (ԷԿՕՍՕՍ) նախագահ Ռոբերտ Ռեյի հետ։

Բանակցությունների ընթացքում կողմերը քննարկել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող միջազգային փոխգործակցության մի շարք հարցեր, համագործակցության հեռանկարային ուղղությունները, մասնավորապես՝ ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրականացման առնչությամբ։

Առանձին քննարկվել է Եվրասիական տնտեսական միության երկրների ավանդն այս լայնածավալ աշխատանքում։

«ԵԱՏՄ յուրաքանչյուր երկիր կոնկրետ քայլեր է ձեռնարկում կայուն զարգացման նպատակներին հասնելու համար՝ հիմք ընդունելով ազգային ծրագրային փաստաթղթերը, ռազմավարություններն ու հայեցակարգերը։ Միևնույն ժամանակ, ԵԱՏՄ շրջանակներում տնտեսական ինտեգրումը ԿԶՆ-ների իրականացմանը նպաստող լրացուցիչ գործոն է», — ընդգծել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը:

Բակիտժան Սագինտաևը հայտնել է, որ հանձնաժողովը սկսել է ԿԶՆ-ների վերաբերյալ համալիր զեկույցի նախապատրաստման աշխատանքը, որը կներառի դրանց հասնելու խնդիրների հետ հարաբերակցության մասով Միության ինտեգրացիոն օրակարգի վերլուծությունը:

Փաստաթուղթը նախատեսվում է ներկայացնել 2025 թվականի հուլիսին կայանալիք Կայուն զարգացման բարձր մակարդակի քաղաքական համաժողովում։

Բանակցությունների արդյունքում կողմերը պայմանավորվել են շարունակել աշխատանքային շփումները և զարգացնել գործնական փոխգործակցությունը։

ԷԿՕՍՕՍ-ը Միավորված ազգերի կազմակերպության գլխավոր մարմիններից մեկն է, որը համակարգում է ՄԱԿ-ի և նրա մասնագիտացված հիմնարկների համագործակցությունը տնտեսական, սոցիալական ոլորտներում: