Նորություններ

24.10.2024

Բակիտժան Սագինտաևը բանակցել է Վիետնամի վարչապետ Ֆամ Մին Թինի հետ

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը հոկտեմբերի 24-ին Կազանում՝ ԲՐԻԿՍ 16-րդ գագաթնաժողովի շրջանակներում աշխատանքային հանդիպում է ունեցել Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության վարչապետ Ֆամ Մին Թինի հետ։

Կողմերը քննարկել են Եվրասիական տնտեսական միության և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության փոխգործակցությունը Ազատ առևտրի համաձայնագրի շրջանակներում, որի ստորագրման պահից 2025 թվականին կլրանա 10 տարին։ Այս առումով նշել են ԵԱՏՄ անդամ պետությունների և Վիետնամի միջև փոխադարձ առևտրի դրական դինամիկան։

2023 թվականին ապրանքաշրջանառությունը 2016 թվականի համեմատ աճել է 1.6 անգամ, իսկ 2024 թվականի առաջին կիսամյակում գրանցվել է 17% աճ 2023 թվականի նույն ժամանակահատվածի համեմատ։

ԵՏՀ kոլեգիայի նախագահ Բակիտժան Սագինտաևը վստահություն է հայտնել, որ Համաձայնագրի իրականացումը մեծապես նպաստել է կողմերի միջև առևտրի ավելացմանը։

«Համաձայնագիրը կնքելիս մեր փոխադարձ նպատակն էր արտահանման տարբերակումը, բարձր ավելացված արժեքով արդյունաբերական արտադրանքի բաժնեմասի ավելացումը, այդ թվում՝ համատեղ ներդրումային նախագծերի իրականացման համար», — հայտնել է ԵՏՀ կոլեգիայի ղեկավարը։

Բակիտժան Սագինտաևն ընդգծել է, որ Վիետնամի հետ Համաձայնագիրը հատկապես կարևոր է կոոպերացիոն համագործակցության զարգացման ներուժի տեսանկյունից։ Ընդ որում, ներկայումս Համաձայնագրում նախանշված պայմանավորվածությունները նախապատվություններ են նախատեսում ապրանքատեսականու մոտ 90%-ի համար՝ ապահովելով գրեթե ողջ առևտրի անմաքս հասանելիություն։

Հանդիպման ընթացքում նշվել է նաև ժամանակակից պայմաններում առևտրի զարգացման և մաքսային վարչարարության տարբեր գործիքների արդյունավետությունը, ներառյալ թվային լուծումների ներդրումը և կիրառումը։ Մասնավորապես, ներկայումս համատեղ աշխատանք է տարվում Եվրասիական տնտեսական միության և նրա անդամ պետությունների և Վիետնամի Սոցիալիստական Հանրապետության միջև տրված հավաստագրերի վերաբերյալ տեղեկատվության էլեկտրոնային փոխանակման մասին արձանագրության նախագծի նախապատրաստման ուղղությամբ։

Բանակցությունների արդյունքում կողմերը հայտնել են, որ հետաքրքրված են համագործակցության ընդլայնմամբ։