Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից էլեկտրոնային թվային ստորագրությունների (ԷԹՍ) փոխադարձ ճանաչման և պետգնումների թվայնացման հարցերը նոյեմբերի 20-ին Աստանայում քննարկել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովին առընթեր Պետական գնումների խորհրդատվական կոմիտեի մասնակիցները։
Միջոցառման նախագահողն էր ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը։ Նիստին մասնակցել են նաև ԵԱՏՄ երկրների պետգնումների կարգավորման ոլորտում լիազորություններ ունեցող պրոֆիլային պետական մարմինների ղեկավարներ հանդիսացող Խորհրդատվական կոմիտեի անդամներ:
ԵՏՀ նախարարի խոսքով՝ փորձագիտական մակարդակով արդեն մշակվել և համաձայնեցվել են պետգնումներում ԷԹՍ փոխադարձ ճանաչման ապահովման հայեցակարգային մոտեցումներ։ «Պետական գնումներում ԵԱՏՄ երկրների կողմից միմյանց էլեկտրոնային ստորագրությունների փոխադարձ ճանաչման պլանը նախատեսում է համապատասխան Կանոնների մշակում։ Մենք բազմաթիվ կետերով պայմանավորվածություններ ենք ձեռք բերել երկրների հետ։ Այժմ նախատեսում ենք ներառել այդ մոտեցումները ԷԹՍ փոխադարձ ճանաչման կանոններում, որոնք կներկայացնենք Կոլեգիային, այնուհետև՝ Հանձնաժողովի խորհրդի հաստատմանը», – նշել է Բախիթ Սուլթանովը։
Բացի այդ, կողմերը քննարկել են ԵԱՏՄ որևէ պետության պոտենցիալ մատակարարների համար «հնգյակի» մյուս երկրների պետգնումներին մասնակցության թույլտվության ավտոմատացման հարցերը, այդ թվում՝ պոտենցիալ մատակարարների որակավորումը հաստատելու համար անհրաժեշտ տեղեկատվության ցանկի որոշման մասով։
«Մենք կատարել ենք Միության պետությունների պետգնումների մասին օրենսդրության վերլուծություն։ Այն ցույց տվեց, որ առկա են թե բոլոր երկրների համար պոտենցիալ մատակարարներին ներկայացվող ընդհանուր պահանջներ, թե հատուկ պահանջներ, որոնք կիրառվում են՝ կախված գնման օբյեկտի առանձնահատկություններից։ Ուստի մեր գործընկերներին խնդրել ենք առաջարկներ ներկայացնել պոտենցիալ մատակարարներին ներկայացվող միասնական պահանջներ սահմանելու վերաբերյալ, որոնք կարող են ամրագրվել Միության իրավունքում», – ընդգծել է ԵՏՀ նախարարը։
Կատարված մշտադիտարկման արդյունքում նիստում նաև որոշում է ընդունվել Միության իրավունքի կարգավորման ոլորտից առանձին գնումներ, այդ թվում՝ նախընտրական քարոզարշավներ իրականացնելու և փաստաբաններ վարձելու նպատակով գնումները բացառելու հարցը։
Նախատեսված միջոցառումների հետագա իրականացման, ինչպես նաև էլեկտրոնային գնումների թվայնացման և հասանելիության ապահովման արդիական հարցերը քննարկելու համար մասնակիցները որոշում են ընդունել վեբ պորտալների և էլեկտրոնային առևտրի հարթակների օպերատորներից կազմված փորձագիտական խումբ ստեղծելու մասին: Բախիթ Սուլթանովի խոսքով՝ մոտ ապագայում նման խումբ կստեղծվի։