Նորություններ

20.11.2023

ԵԱՏՄ օրերն անցկացվում են Հարավարևելյան Ասիայի երկրների ընկերակցության քարտուղարությունում

ԱՍԵԱՆ-ի քարտուղարությունում ԵԱՏՄ օրերը մեկնարկել են նոյեմբերի 20-ին Ջակարտայում (Ինդոնեզիայի Հանրապետություն): Միջոցառումն անցկացվում է ի պատիվ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և ԱՍԵԱՆ-ի միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագրի ստորագրման հինգերորդ տարեդարձի և նպատակաուղղված է եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման մասին ԱՍԵԱՆ-ի պետությունների կառավարական, գործարար և փորձագիտական շրջանակների իրազեկվածության բարձրացման:

ԵԱՏՄ օրերը բացել են ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը և ԱՍԵԱՆ-ի գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնը։

«ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրները թևակոխում են առևտրատնտեսական համագործակցության նոր փուլ։ Այս տարի մենք հասնում ենք ապրանքաշրջանառության ռեկորդային մակարդակի, որը տարեկան կտրվածքով աճում է 11%-ով։ Կան բազմաթիվ գործոններ, որոնք վկայում են այս միտումի երկարաժամկետ բնույթի մասին,- հայտնել է Սերգեյ Գլազևը: – Աշխարհատնտեսական լանդշաֆտը փոխվում է, և մեր ինտեգրացիոն միավորումները դառնում են ժամանակակից աշխարհի զարգացման կարևորագույն կենտրոններ: Առաջիկա հինգ տարին բեկումնային կդառնան ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ գործարար համայնքների հարաբերություններում։ Դրան կնպաստեն ԵՏՀ և ԱՍԵԱՆ քարտուղարության կողմից ստեղծվող նոր հնարավորությունները գործարար, փորձագիտական և ակադեմիական շրջանակների միջև ուղղակի կապերի համար»:

Կաո Կիմ Հորնը, իր հերթին, նշել է, որ ԵԱՏՄ օրերը ԱՍԵԱՆ երկրների ժողովուրդներին ԵԱՏՄ անդամ պետությունների ներուժը ցուցադրելու հնարավորություն է։ Նա ընդգծել է ԱՍԵԱՆ և ԵԱՏՄ միջև առևտրի և ներդրումների, զբոսաշրջության, ռեսուրսների կառավարման, բարձր տեխնոլոգիական արտադրության, թվային տեխնոլոգիաների և տրանսպորտի ոլորտներում համագործակցության մեծ հնարավորությունների առկայությունը։

ԵՏՀ Խորհրդի նախագահ, Ռուսաստանի Դաշնության կառավարության ղեկավարի տեղակալ Ալեքսեյ Օվերչուկն իր ողջույններն է հղել ԵԱՏՄ օրերի մասնակիցներին՝ անկեղծ շնորհակալություն հայտնելով ԱՍԵԱՆ քարտուղարությանը և ԵՏՀ-ին՝ այս միջոցառման անցկացման նախաձեռնությունն իրականացնելու համար։ Նա նշել է, որ ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև շփումների զարգացումը, ինչպես նաև ԵԱՏՄ օրերի ընթացքում տեղի ունենալիք մտքերի փոխանակումը կնպաստեն Եվրասիայի Հյուսիսի և Հարավ-Արևելքի տնտեսական տարածքները կապող երկու ինտեգրացիոն միավորումների միջև գործընկերային հարաբերությունների խորացմանը։

Միջոցառումների բացման օրը կայացել է նաև Սերգեյ Գլազևի և ԱՍԵԱՆ գլխավոր քարտուղար Կաո Կիմ Հորնի աշխատանքային հանդիպումը, որի ընթացքում քննարկվել են ԵՏՀ և ԱՍԵԱՆ քարտուղարության միջև առևտրի, թվային օրակարգի, ձեռնարկատիրության զարգացման, տնտեսական ինտեգրմանն աջակցության, ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու և այլ ուղղություններով համագործակցության հարցերը: ԵՏՀ նախարարը շնորհակալություն է հայտնել ԱՍԵԱՆ-ին ԵԱՏՄ օրերի անցկացման գաղափարին աջակցելու համար։

ԵԱՏՄ օրերի ծրագիրը ներառում է «Եվրասիական տնտեսական միություն 2015-2023. ձեռքբերումներ և հեռանկարներ» ֆոտոցուցահանդեսի անցկացումը, որը լուսաբանում է եվրասիական տնտեսական ինտեգրման հիմնական ուղիները և ցույց տալիս ԵԱՏՄ պետությունների միջև համագործակցության առանցքային ուղղություններով (արդյունաբերություն, գյուղատնտեսություն, էներգետիկա, տրանսպորտ, թվային օրակարգ և այլն) Միության ձեռքբերումները:

Բացի այդ, նախատեսված է երկու կլոր սեղան՝ «ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ տնտեսական օրակարգը. հատվող շահեր» (ՄԳԻՄՕ-ին կից ԱՍԵԱՆ կենտրոնի հետ համատեղ) և «ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ միջև կապերի ամրապնդում. գործարար համայնքի դերը» (Ռուսաստան-ԱՍԵԱՆ գործարար խորհրդի հետ համատեղ): Միջոցառումների հեռարձակումը հասանելի է ԵՏՀ Youtube ալիքով։

ԵՏՀ-ն ԵԱՏՄ պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների աջակցությամբ կազմակերպել է մասնագիտացված միջոցառում, որտեղ ԵԱՏՄ օրերի հյուրերին առաջարկվել են Միության երկրների ազգային խոհանոցների ճաշատեսակներ։

ԵԱՏՄ օրերի միջոցառումներին մասնակցում են ԵՏՀ պատվիրակությունը, ԵԱՏՄ պետությունների ներկայացուցիչներ, ԱՍԵԱՆ քարտուղարության ղեկավարներ և աշխատակիցներ, ԵԱՏՄ և ԱՍԵԱՆ երկրների գործարար, կառավարական և փորձագիտական շրջանակների ներկայացուցիչներ։

Տեղեկանք

ԵՏՀ և ԱՍԵԱՆ միջև տնտեսական համագործակցության ոլորտում փոխըմբռնման հուշագիր ստորագրվել է 2018 թվականին:

ԵՏՀ-ն և ԱՍԵԱՆ-ը իրականացնում են Համագործակցության համատեղ ծրագիր, որը նախատեսված է մինչև 2025 թվականն ընկած ժամանակահատվածի համար։ Դրա շրջանակներում կազմակերպվել են մի շարք համատեղ միջոցառումներ, որոնցից առավել նշանակալից են «Տարածաշրջանային տնտեսական ինտեգրումը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» սեմինարը, որն անցկացվել է 2019 թվականին, և «Թվային փոխակերպումը ԵԱՏՄ-ում և ԱՍԵԱՆ-ում» (առաջին փուլը կայացել է 2023 թվականի մարտի 1-ին, երկրորդ փուլը՝ 2024 թվականին): ԱՍԵԱՆ-ի ներկայացուցիչները մասնակցում են ԵՏՀ-ի կողմից կազմակերպվող նստաշրջաններին խոշոր համաժողովների շրջանակներում, ինչպիսիք են ամենամյա ԵԱՏՄ-ԱՍԵԱՆ գործարար երկխոսությունը Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովում, ինչպես նաև ՄԱԿ-ի մինչև 2030 թվականն ընկած ժամանակահատվածի կայուն զարգացման նպատակներին հասնելու վրա տնտեսական ինտեգրման ազդեցությանը նվիրված ԵՏՀ միջոցառումներին: ԱՍԵԱՆ-ը հրավիրում է ԵՏՀ ներկայացուցիչներին մասնակցելու Ռուսաստան-ԱՍԵԱՆ ավագ պաշտոնյաների և էկոնոմիկայի նախարարների հանդիպումներին։