Փոխադարձ համագործակցության ընդլայնման, առևտրի ծավալների ավելացման, տարածաշրջանային միավորումների միջև ինտեգրացիոն երկխոսության հաստատման և պոտենցիալ գործարար գործընկերության կետերի բացահայտման հարցերը առանցքայինն էին հուլիսի 27-ին Սանկտ Պետերբուրգում կայացած երկրորդ Տնտեսական և հումանիտար համաժողովի շրջանակներում անցկացված «ԵԱՏՄ-Աֆրիկա. համագործակցության հորիզոններ» նստաշրջանի ընթացքում:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը նշել է2019 թվականին կայացած «Ռուսաստան-Աֆրիկա» առաջին համաժողովից հետո Եվրասիական տնտեսական միության և Աֆրիկայի երկրների միջև համագործակցության զգալի առաջընթացը։ Որպես փոխգործակցության առաջնահերթ ոլորտներ նա նշել է գյուղատնտեսությունը և ենթակառուցվածքները, փոխադարձ առևտուրն ու ներդրումները, տեղեկատվական համակարգերի ինտեգրումը, համագործակցությունը տեխնիկական կարգավորման, անասնաբուժական և բուսասանիտարական վերահսկողության ոլորտում, ձեռնարկատիրության զարգացումը։
Ինչպես ընդգծել է Սերգեյ Գլազևը, պարենային անվտանգության խնդիրների լուծումը կարող է դառնալ այն լոկոմոտիվը, որը ԵԱՏՄ-ի և Աֆրիկայի միջև համագործակցությունը նոր մակարդակի կհասցնի։
«Հիմնական պարենային ապրանքների և հանքային պարարտանյութերի արտադրության մասով ԵԱՏՄ ընդհանուր հնարավորությունները, ըստ էության, կարող են ռեսուրսներ ապահովել գրեթե մեկ միլիարդ մարդու ապրուստի համար», - նշել է Սերգեյ Գլազևը։
ԵՏՀ նախարարը նաև աֆրիկացի գործընկերների ուշադրությունը հրավիրել է ինտեգրացիոն նախագծերի իրականացման գործում Հանձնաժողովի գրանցած հաջողությունների վրա և հայտարարել ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում փորձը կիսելու իր պատրաստակամության մասին։ Միաժամանակ, ըստ նրա, Եվրասիական տարածաշրջանի համար հետաքրքիր է Աֆրիկյան ենթատարածաշրջանային միավորումների ինտեգրացիոն փորձը։
«Բովանդակային աշխատանքի մասով կարող է հետաքրքրություն ներկայացնել լավագույն ինտեգրացիոն փորձի փոխանակումը, - հայտնել է Սերգեյ Գլազևը: - Մենք ի վիճակի ենք օպերատիվորեն բարձրացնել ԵԱՏՄ միասնական շուկայի գործունեության պայմանների ըմբռնման մակարդակը, հատկապես տեխնիկական կարգավորման, սանիտարական և բուսասանիտարական միջոցների կիրառման առանձնահատկությունների մասով»։
Զարգացնելով ինտեգրացիոն լավագույն փորձի փոխանակման թեման՝ ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ թվային լուծումների օգտագործման հարցում, հատկապես՝ ֆինանսական ոլորտում, Աֆրիկան առաջ է շատ երկրներից, ինչը կարող է գործնական հետաքրքրություն ներկայացնել ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման զարգացման գործում։
ԵՏՀ նախարարը նաև կարևորել է Աֆրիկյան միության հետ երկխոսությունը և երկու միավորումների միջև փոխգործակցության իրավական բազայի հետագա զարգացումը՝ Փոխըմբռնման հուշագրի երկարաձգման, գործնական աշխատանքի հաստատման և ինտեգրացիոն լավագույն փորձի փոխանակման միջոցով։
Ռուսաստանի Դաշնության տնտեսական զարգացման փոխնախարար Դմիտրի Վոլվաչը նշել է փոխադարձ առևտրի աճը, որի ծավալը 2015-2022 թվականներին աճել է 60%-ով և կազմել 19 մլրդ ԱՄՆ դոլար, այդ թվում՝ ԵԱՏՄ երկրների արտահանումն աճել է 74%-ով, իսկ ներմուծումը’ 15,5%-ով: Դմիտրի Վոլվաչը կարծում է, որ առանցքային խնդիրն է բացահայտել առևտրատնտեսական համագործակցության չօգտագործված ներուժը և մշակել դրա իրականացման մեխանիզմներ։ Նա նաև նշել է աֆրիկյան երկրների աճող հետաքրքրությունը եվրասիական ինտեգրման օրակարգի նկատմամբ համագործակցության ինստիտուցիոնալացման և ԵՏՀ-ի և աֆրիկյան մայրցամաքի առանցքային տարածաշրջանային միջազգային միավորումների միջև հուշագրերի կնքման միջոցով ինչպես մայրցամաքի երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և միավորումների հետ ԵԱՏՄ փոխգործակցության հեռանկարների մասին:
Աֆրիկյան միության (ԱՄ) Հանձնաժողովի Գործընկերությունների զարգացման և ռեսուրսների մոբիլիզացման վարչության տնօրեն Սթիվ Պատրիկ Լալանդեն ընդգծել է, որ ԵՏՀ-ի և ԱՄ Հանձնաժողովի միջև աշխատանքային հարցերի թիվն աճում է, և կոչ արել համատեղ համաժողովներ, դաշտային հանդիպումներ, սեմինարներ կազմակերպել կարգավորման, ներդրումների ներգրավման, գործարար համայնքի տեղեկացման, փոքր և միջին գործարարության խթանման, ինչպես նաև կրթության զարգացման ոլորտում դրական ինտեգրացիոն փորձի ավելի ակտիվ փոխանակման համար։
Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության նախագահ Ալեքսանդր Շոխինը բարձր է գնահատել Եվրասիական տնտեսական միության և աֆրիկյան տարածաշրջանի միջև առևտրի ինդեքսը և առաջարկել ավելի ակտիվ զարգացնել լոգիստիկ բազան մայրցամաքում՝ ԵԱՏՄ-ի և Աֆրիկայի երկրների միջև փոխադարձ առևտրի աճն ապահովելու համար։ Նա նաև անդրադարձել է ԵԱՏՄ Գործարար խորհրդի և աֆրիկյան երկրների ձեռնարկատիրական շրջանակների միջև համագործակցության հեռանկարներին։
Միջոցառման մոդերատորն էր հատուկ հանձնարարություններով դեսպան, «Ռուսաստան-Աֆրիկա» տնտեսական և հումանիտար համաժողովի քարտուղարության ղեկավար Օլեգ Օզերովը։
Տեղեկանք
Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական համայնքը (ԿԱՊՏՀ) ստեղծվել է 1983 թվականին։ Այս ինտեգրացիոն միավորումը ներառում է Անգոլան, Բուրունդին, Գաբոնը, ԿԺՀ-ն, Կամերունը, Կոնգոյի Հանրապետությունը, Ռուանդան, Սան Տոմեն և Պրինսիպին, ԿԱՀ-ն, Չադը, Հասարակածային Գվինեան: Կազմակերպության հայտարարած նպատակներն են մասնակից երկրների միջև ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, դրանց համակողմանի խորացմանը նպաստելը՝ սեփական տնտեսական ուժերի վրա հենվելով, ընդհանուր շուկայի ստեղծման առաջխաղացումը: ԿԱՊՏՀ-ն նաև ներգրավված է խաղաղության և կայունության ամրապնդման, ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարի և համայնքի տարածքում ընտրական գործընթացների աջակցման գործում:
Աֆրիկյան միությունը (ԱՄ) ստեղծվել է 2002 թվականին։ ԱՄ հռչակած նպատակներից են անդամ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և անկախության պաշտպանությունը, խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդումը, մայրցամաքում քաղաքական և սոցիալտնտեսական ինտեգրման արագացումը, ժողովրդավարական սկզբունքների և ինստիտուտների խթանումը, համաշխարհային ասպարեզում աֆրիկյան երկրների համաձայնեցված մոտեցումների խթանումը, գլոբալ տնտեսությունում Աֆրիկայի արժանի դերի ապահովման համար անհրաժեշտ պայմանների ստեղծումը։
2021 թվականին Աֆրիկայի երկրների հետ ԵԱՏՄ արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 21.9%-ով (մինչև 18.9 մլրդ ԱՄՆ դոլար), արտահանումը’ 24%-ով (մինչև 15.4 մլրդ ԱՄՆ դոլար, ներմուծումը՝ 13.7%-ով՝ (մինչև 3.5 մլրդ ԱՄՆ դոլար)։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Աֆրիկյան միության Հանձնաժողովի միջև փոխըմբռնման հուշագիրը ստորագրվել է 2019 թվականի հոկտեմբերի 24-ին Սոչիում՝ «Ռուսաստան-Աֆրիկա» գագաթնաժողովի շրջանակներում։