Արդյունաբերական ոլորտում Եվրասիական տնտեսական միության երկրների և Մյանմարի համագործակցության հեռանկարները քննարկվել են Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Մյանմարի Միության Հանրապետության կառավարության միջև փոխգործակցության հարցերով համատեղ աշխատանքային խմբի առաջին նիստի ընթացքում, որին մասնակցել է ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը։
«Եվրասիական տնտեսական միությունը բաց է Մյանմարի հետ փոխշահավետ համագործակցության համար։ Մոտ մեկ տարի առաջ Հանձնաժողովը և Մյանմարի կառավարությունը ստորագրեցին Փոխգործակցության հուշագիր, և այժմ մենք ակտիվորեն քննարկում ենք աշխատանքի հեռանկարային ուղղությունները, այդ թվում՝ արդյունաբերության ոլորտում», — ընդգծել է Գեորգի Արզումանյանը։
Նա իր օտարերկրյա գործընկերներին ծանոթացրել է այս ոլորտում Հանձնաժողովի գործունեությանը, խոսել աշխատանքի գերակա ուղղությունների, ԵԱՏՄ պետությունների համատեղ նախագծերի, Միությունում արդյունաբերական կոոպերացիայի խորացման գործիքների մասին։
Մյանմարի արդյունաբերության նախարարության ներկայացուցիչները նշել են, որ արդյունաբերության և շինարարության մասնաբաժինը Մյանմարի ՀՆԱ-ում կազմում է մոտ 20%։ Մյանմարում առավել զարգացած են հանքարդյունաբերությունը, տեքստիլ և փայտամշակման արդյունաբերությունը։ Դրանցից յուրաքանչյուրում, օրինակ՝ թեթև արդյունաբերության ոլորտում, հնարավոր է խորացնել փոխշահավետ համագործակցությունը։
Հարկ է նշել, որ վերջին տարիներին առևտուրը Միության երկրների և Մյանմարի միջև էլ ավելի ակտիվ է զարգանում։ Ռուսաստանից այդ երկիր արտահանվում են հիմնականում պատրաստի մետաղական արտադրատեսակներ, համակարգչային, էլեկտրոնային և օպտիկական սարքավորումներ, նավթամթերք, քիմիական արդյունաբերության արտադրանք, էլեկտրական սարքավորումներ։ Մյուս անդամ երկրները Մյանմարին մատակարարում են տեխնիկական միջոցներ, դեղամիջոցներ և այլն։ Հագուստն ու կոշիկը Մյանմարից Հայաստան, Բելառուս, Ղազախստան և Ղրղզստան ներմուծման հիմնական հոդվածներն են։ Մշակող արդյունաբերության արտադրանքի ներմուծումը ԵԱՏՄ շուկա մեկ տարվա ընթացքում գրեթե մեկ երրորդով աճել է: