Նորություններ

25.06.2024

ԵԱՏՄ-ն երեք տարով կզրոյացնի կոկոսի քերուքի ներմուծման մաքսատուրքը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիան որոշում է ընդունել չորացրած կոկոսի ընկույզի (կոկոսի քերուքի, ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 0801 11 000 0 ծածկագիր) համար ներմուծման մաքսատուրքը մինչև 2027 թվականի հուլիսի 31-ը ներառյալ զրոյացնելու մասին։

«Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև Եվրասիական տնտեսական միության երկրներից հրուշակեղենի արտահանման զարգացմանը և օտարերկրյա շուկաներում դրա մրցունակության բարձրացմանը», — նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը։

Նա հիշեցրել է, որ բնակլիմայական պայմանների պատճառով ԵԱՏՄ տարածքում կոկոսի արմավենիներ չեն աճում, և կոկոսի ընկույզի արտադրություն չկա։ Այսպիսով, կոկոսի քերուքի կարիքն ամբողջությամբ բավարարվում է ներմուծման մատակարարումների հաշվին։

Կոկոսի քերուքի համար ԵԱՏՄ ՄՄՍ ներմուծման մաքսատուրքի ներկայիս դրույքաչափը կազմում է 3%

Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։

Չորացրած և մանրացված կոկոսի ընկույզը (կոկոսի քերուք) կոկոսի վերամշակման արտադրանք է և օգտագործվում է հիմնականում հրուշակեղենի՝ շոկոլադե կոնֆետների, շաքարային հրուշակեղենի, ինչպես նաև տորթերի, հրուշակների, թխվածքաբլիթների և այլ նմանատիպ արտադրանքի արտադրության մեջ: Ներմուծվող կոկոսի քերուքի ծավալի շուրջ 20%-ը սպառվում է այլ ոլորտների կողմից (օծանելիք, կոսմետիկա, դեղագործություն):

Հանձնաժողովի կոլեգիայի 2020 թվականի հոկտեմբերի 20-ի N 131 որոշմանը և Հանձնաժողովի խորհրդի 2021 թվականի սեպտեմբերի 14-ի N 80 որոշմանը համապատասխան՝ ներմուծման մաքսատուրքի ժամանակավոր դրույքաչափ՝ մաքսային արժեքի 0%-ի չափով, կոկոսի քերուքի նկատմամբ կիրառվել է 2020 թվականի նոյեմբերի 22-ից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը: