Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը որոշում է ընդունել մսամթերքի արտադրության համար նախատեսված խոշոր եղջերավոր անասունների (ԽԵԱ) մսի որոշ տեսակների համար ներմուծման մաքսատուրքից ազատման տեսքով սակագնային արտոնություն տրամադրելու մասին:
Խոսքը 2025 թվականին այդ ապրանքները հետևյալ ծավալներով ներմուծելու հնարավորության մասին է՝ Հայաստանի Հանրապետության համար՝ մինչև 9 հազ. տոննա, Բելառուսի Հանրապետության համար՝ մինչև 7.5 հազ. տոննա, Ղրղզստանի Հանրապետության համար՝ մինչև 2.5 հազ. տոննա, Ռուսաստանի Դաշնության համար՝ մինչև 100 հազ. տոննա։
«Մաքսասակագնային կարգավորման միջոցն ուղղված է Եվրասիական տնտեսական միության ներքին շուկայում մսի հումքի պակասի լրացմանը, որը նախատեսված է վերամշակող ձեռնարկությունների կողմից պատրաստի մսի արտադրատեսակների և երշիկեղենի արտադրության համար, նման արտադրության ինքնարժեքի նվազեցմանը, ինչպես նաև պատրաստի արտադրանքի գների աճի զսպմանը», - նշել է ԵՏՀ առևտրի նախարար Անդրեյ Սլեպնևը:
Նա ընդգծել է, որ սակագնային արտոնություն կտրամադրվի ԽԵԱ այնպիսի մսի համար, որը նախատեսված է բացառապես արդյունաբերական վերամշակման և պատրաստի արտադրանքի արտադրության համար՝ լիազորված մարմնի կողմից ներմուծվող ապրանքի նպատակային նշանակության հաստատման պայմանով։ Նման մսի հումքը չի համարվում բարձրորակ տավարի միս, որը հիմնականում արտադրվում է ներքին շուկայում։
Միության երկրներում քննարկվող մսի հումքի պակասը փոխհատուցվում է հիմնականում Լատինական Ամերիկայից և Հնդկաստանից ներմուծվող մատակարարումների հաշվին։