Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիան որոշում է ընդունել Վրաստանից եկող ֆեռոսիլիկամանգանի հանաև հակագնագցման տուրք սահմանելու մասին։ Հակագնագցման միջոցի գործողության ժամկետը կկազմի հինգ տարի, տուրքի չափը սահմանվել է մաքսային արժեքի 21,4-24,22%-ի չափով՝ կախված արտադրողից։
Որոշումն ընդունվել է հակագնագցման հետաքննության արդյունքներով, որն սկսվել է ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչության կողմից 2021 թվականի հունիսի 28-ին Եվրասիական տնտեսական միության այդ ապրանքն արտադրողների՝ «Չելյաբինսկի էլեկտրամետաղագործական կոնբինատ» ԲԸ-ի և «Արևմտյան Սիբիրի Էլեկտրամետաղագործական գործարան» ՍՊԸ-ի դիմումի հիման վրա, որն աջակցել են «Տարազի մետաղագործական գործարան» ՍՊԸ-ն, «Տեմիրտաուի էլեկտրամետաղագործական գործարան» ԲԸ-ն, «Կազխրոմ» ՏՆԿ» ԲԸ մասնաճյուղ հանդիսացող Աքսուի ֆեռոհամահալվածքների գործարանը:
Հետաքննության արդյունքներով պարզվել է Վրաստանից ծագող ապրանքի գնագցող ներմուծման և Եվրասիական տնտեսական միության տնտեսության ոլորտին հասցված նյութական վնասի առկայություն։ Միևնույն ժամանակ, ինչպես նշել են ԵՏՀ առևտրային բլոկում, վրացական ֆեռոսիլիկամանգանի մատակարարումների զգալի աճ (2,3 անգամ) տեղի է ունեցել 2017 թվականին՝ Ուկրաինայից ներմուծվող ապրանքի նկատմամբ հակագնագցման միջոց կիրառելուց հետո։
Վրացական ֆեռոսիլիկամանգանի նկատմամբ հակագնագցման տուրքի գործողության ժամանակահատվածում ԵՏՀ ներքին շուկայի պաշտպանության վարչությունը գնային մշտադիտարկում կկատարի Միության շուկայում միջոցի օպերատիվ վերանայման հնարավորությամբ։
Որոշումն ուժի մեջ է մտնելու պաշտոնական հրապարակման օրվանից 30 օրացուցային օրը լրանալուց հետո։