Նորություններ

14.05.2024

Պետական գրանցման ենթակա արտադրանքի միասնական ցանկը լրացվել է բերանի խոռոչի հիգիենայի միջոցներով և ապրանքատեսակներով

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը մայիսի 14-ին ընդունել է Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանին և մաքսային տարածքում պետական սանիտարահամաճարակաբանական հսկողության (վերահսկողության) ենթակա արտադրանքի (ապրանքների) միասնական ցանկի II բաժնի փոփոխությունները:

Փաստաթուղթը լրացվել է դրույթներով, որոնք նախատեսում են համապատասխանության գնահատում բերանի խոռոչի հիգիենայի միջոցների և ապրանքների պետական գրանցման տեսքով: Բացառություն են կազմում միայն այն ապրանքները, որոնց վրա տարածվում է «Օծանելիքակոսմետիկական արտադրանքի անվտանգության մասին» Եվրասիական տնտեսական միության տեխկանոնակարգը, քանի որ այսօրվա դրությամբ բերանի խոռոչի հիգիենայի ոչ բոլոր միջոցներն ու արտադրատեսակներն են նախքան Միության շուկայում շրջանառության մեջ դրվելը ենթարկվում համապատասխանության գնահատման ընթացակարգին, որը հաստատում է դրանց անվտանգությունը մարդու առողջության համար։

ԵՏՀ խորհրդի որոշումը թույլ կտա նվազագույնի հասցնել համապատասխանության գնահատում չանցած բերանի հիգիենայի միջոցները և արտադրատեսակները Միության շուկայում շրջանառության մեջ դնելը, և վերացնել իրավական բացը պետական սանիտարահամաճարակաբանական հսկողություն (վերահսկողություն) իրականացնելիս: