Նորություններ

29.08.2022 (Обновлено: 07.09.2022 12:29)

ԵՏՀ-ն արդիականացրել է ԵԱՏՄ երկրների աշխատավորների համար նախատեսված տեղեկատվությունը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը թողարկել է «Աշխատանքային միգրացիան և աշխատավորների սոցիալական ապահովությունը Եվրասիական տնտեսական միությունում» գրքույկի թարմացված տարբերակը՝ հաշվի առնելով ԵԱՏՄ նորմատիվ բազայի արդիականացումը։ Այս հրատարակության ամենաառաջին տարբերակը թողարկվել էր դեռ 2016 թվականին։

«Մարդկային կապիտալը էական դեր է կատարում տնտեսական խնդիրների լուծման գործում։ Ուստի ԵԱՏՄ-ի նորմատիվ բազայում այն զգալի ուշադրության է արժանացել վերջինիս ձևավորման առաջին իսկ օրերից։ Նման աշխատանքը հատուկ տեղ է զբաղեցնում նաև Հանձնաժողովի աշխատանքում»,- կարծում է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան։
Եվրասիական տնտեսական միության հիմնական նորմատիվ ակտում՝ ԵԱՏՄ մասին պայմանագրում առկա են միգրացիոն քաղաքականության ոլորտին վերաբերող մի շարք դրույթներ։ Օրինակ, Միության քաղաքացիների նկատմամբ չեն կիրառվում ազգային պաշտպանության միջոցները, և նրանք կարող են ակնկալել ընդունող երկրի քաղաքացիներին հավասար իրավունքներ և արտոնություններ: ԵԱՏՄ մասին պայմանագրում նաև ամրագրված է ԵԱՏՄ երկրում աշխատանքային պայմանագրի ողջ ժամկետի ընթացքում կեցության հնարավորություն՝ առանց կեցությունը երկարաձգելու նպատակով երկրից լրացուցիչ մեկնումների։

ԵԱՏՄ երկրների քաղաքացի ֆիզիկական անձանց համար ԵԱՏՄ երկրներում ռեզիդենտական դրույքաչափերի կիրառումը սկսվում է աշխատանքի առաջին օրվանից, այսինքն՝ եկամտահարկը, օրինակ, Ռուսաստանում, 30%-ի փոխարեն գանձվում է 13% դրույքաչափով:

ԵԱՏՄ երկրներում միգրացիոն քաղաքականության այս և այլ ասպեկտներն արտացոլված են մասնագիտացված գրքույկում։

Տեղեկատվությունը մատչելի ձևով տեղադրված է ԵՏՀ կայքի «ԵՏՀ գրադարան» բաժնում։ Գրքույկը պարունակում է տեքստային և պատկերազարդ մասեր՝ ԵԱՏՄ երկրների տարածքում աշխատանքային միգրանտների և նրանց ընտանիքների անդամների կեցության առանձնահատկությունների վերաբերյալ մանրամասն տեղեկություններով։ Գրքույկի 23 էջում ներկայացված են ԵԱՏՄ երկրներում միգրացիայի, աշխատանքային գործունեության, սոցիալական ապահովության, կենսաթոշակային ապահովության հարցերը, ԵԱՏՄ երկրներում աշխատավորների և նրանց ընտանիքների անդամների կողմից բժշկական օգնություն և կրթություն ստանալու իրավունքները։

Ներկայումս ինտեգրման զարգացման հիմնական ուղղություններից է աշխատուժի տեղաշարժի ճանապարհին առկա խոչընդոտների վերացումը։ ԵԱՏՄ այլ երկրներում աշխատանքային գործունեության իրականացման վերաբերյալ լայն տեղեկատվության բացակայությունը զսպող գործոն է ընդհանուր աշխատաշուկայի ձևավորման համար։ Արդիականացված գրքույկի նպատակն է հարթել հնարավոր տեղեկատվական բացերը, նշում է ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան: