Մայիսի 26-ին Բիշքեկում կայացած Եվրասիական տնտեսական համաժողովի լուսանցքներում տեղի է ունեցել թեմատիկ նստաշրջան՝ նվիրված ԵԱՏՄ տեխնիկական կարգավորման համակարգի արդի վիճակին, դրա զարգացման ուղղություններին և խնդրահարույց գոտիներին:
Փորձագետները քննարկել են Սպառողների իրավունքների պաշտպանության, որակի ենթակառուցվածքի զարգացման, ինչպես նաև տեխնիկական կարգավորման մարմինների և բիզնեսի արդյունավետ փոխգործակցության հարցերը՝ արտաքին և ներքին մարտահրավերների պայմաններում «հնգյակի» երկրների ապրանքների մրցունակությունը բարձրացնելու համար:
Նիստի մոդերատորներն են հանդիսացել ԵՏՀ տեխնիկական կարգավորման հարցերով նախարար Վիկտոր Նազարենկոն և ԵՏՀ տեխնիկական կարգավորման և հավատարմագրման վարչության տնօրեն Տիմուր Նուրաշևը:
«ԵԱՏՄ տարածքում քաղաքացիների կյանքի և առողջության անվտանգության ապահովմամբ ապրանքների ազատ տեղաշարժի համար իրավահավասար մրցակցային շուկայի ստեղծումը կարևորագույն խնդիր է տեխնիկական կարգավորման ոլորտում, – ընդգծել է ԵՏՀ նախարարը: — Մեզ համար կարևոր է, որ արտադրանքի անվտանգության պարտադիր պահանջները համապատասխանեն որակի միջազգային բարձր չափանիշներին»:
Բելառուսի ստանդարտացման պետական կոմիտեի նախագահ Վալենտին Տատարիցկին ընդգծել է, որ ժամանակակից բարդ պայմաններում հենց որակն է հանդիսանում երկրի տնտեսության մրցակցային կայունության որոշիչ ուղենիշն ընդհանուր առմամբ և յուրաքանչյուր կազմակերպության համար առանձին:
«Արտադրանքի և բիզնես գործընթացների որակը մրցունակության աճի գլխավոր հրամայականն է, դա երկրի վարկանիշն է, ֆինանսական կայունությունը, պահանջների առավելագույն բավարարումը և քաղաքացիների կենսամակարդակի աճը», – նշել է նա:
Ելույթ ունենալով քննարկման մասնակիցների առջև՝ Ղազախստանի առևտրի և ինտեգրման նախարարության Տեխնիկական կարգավորման և չափագիտության կոմիտեի նախագահ Արման Աբենովը հավելել է, որ ԵԱՏՄ-ում տեխնիկական կանոնակարգերում պարտադիր նորմերի միջոցով և ստանդարտների կամավոր հիմունքներով կիրառումն ապահովվում է ինչպես արտադրանքի անվտանգությունը, այնպես էլ Միության շուկայում ապրանքների ազատ տեղաշարժի առանցքային պայմաններից մեկը: Սակայն այսօր դեռևս մնում են խնդիրներ, որոնք ուղղակիորեն անդրադառնում են արտադրանքի արտադրության տեխնիկական մակարդակի և, ի վերջո, դրա որակի և մրցունակության վրա։
«Նման խնդիրների համակարգային լուծման համար և Ղազախստանում տեխնիկական կարգավորման ազդեցության գնահատումն ապահովելու նպատակով Ստանդարտացման և չափագիտության ինստիտուտի հիման վրա 2021 թվականի հուլիսի 1-ից ստեղծվել և սկսել է գործել Տեխնիկական կարգավորման համակարգման կենտրոն։ Տեխնիկական կարգավորման համակարգող կենտրոնների ստեղծման համանման մոդելի մշակումը նպատակահարմար է նաև ԵԱՏՄ անդամ պետություններում», — եզրափակել է ԵՏՀԺ թեմատիկ նստաշրջանի խոսնակը։
Թեմատիկ նստաշրջանի մասնակիցները քննարկել են տեխնիկական կարգավորման, որակի և սպառողների իրավունքների պաշտպանության ոլորտում անդամ պետությունների ինտեգրացիոն ներուժի իրացման հայեցակարգային հարցերը: Նշել են անդամ պետությունների՝ սպառողին վնաս պատճառելու (վնասելու) ռիսկերի գնահատման և կառավարման վրա հիմնված պետական վերահսկողության անցկացման մոտեցումների հետևողական վերափոխման, պարտադիր պահանջների խախտումների կանխարգելման միջոցառումների ընդլայնման և խստացման անհրաժեշտությունը։
Նստաշրջանին մասնակցել են Միության անդամ պետությունների լիազոր մարմինների, բիզնես համայնքի ավելի քան 90 ներկայացուցիչներ, կազմակերպությունների փորձագետներ։
ԵՏՀ Արարողակարգի և կազմակերպչական ապահովման վարչության Տեղեկատվական ապահովման բաժին