Նորություններ

29.10.2024

ԵՏՀ և Ուզբեկստանը փորձ են փոխանակել թվային շուկաների հակամենաշնորհային կարգավորման ոլորտում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Մաքսիմ Երմոլովիչի նախագահությամբ տեսակոնֆերանսի ձևաչափով կայացել է սեմինար-խորհրդակցություն, որը նվիրված էր թվային շուկաների հետազոտության և էլեկտրոնային հարթակների գործունեության ընթացքում կիրառվող ընդհանուր մոտեցումների ձևավորմանը։ Միջոցառման ընթացքում ներկայացվել է Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես Եվրասիական տնտեսական միությանը կից դիտորդ պետության փորձը։

Մաքսիմ Երմոլովիչը նշել է, որ Հանձնաժողովի մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկը 2024 թվականին կազմակերպել է մի շարք հանդիպումներ, որոնց ընթացքում քննարկվում են թվային շուկաների հակամենաշնորհային կարգավորման հարցեր, ուսումնասիրվում է ԵԱՏՄ բոլոր պետությունների փորձը։

ԵՏՀ նախարարի կարծիքով՝ Հանձնաժողովն ակտիվորեն համագործակցում է Ուզբեկստանի Հանրապետության հետ, և մրցակցության ու թվայնացման ոլորտում երկրի փորձը էական հետաքրքրություն է ներկայացնում Միության համար։

Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի նախագահի տեղակալ Ֆառուխ Կարաբաևը հանդես է եկել թվային հարթակների հակամենաշնորհային կարգավորման նոր իրավական շրջանակներին նվիրված շնորհանդեսով: Մանրամասն ներկայացվել են թվային հարթակների տեսակները, դրանց գերիշխող դիրքը որոշելու չափանիշները և համապատասխան պահանջներն ու արգելքները, Ուզբեկստանում էլեկտրոնային առևտրային հարթակների նախնական վերլուծության արդյունքները։ Ֆառուխ Կարաբաևը հատուկ անդրադարձել է հակամենաշնորհային համապատասխանությանը և հակամենաշնորհային կարգավորման թվայնացմանը։

Կողմերը պայմանավորվել են շուկայական իշխանություն հաստատելու ունիվերսալ չափանիշների և ընդհանուր առմամբ թվային հարթակների գործունեությունը գնահատելու մեխանիզմների մշակման հարցերով խորհրդակցությունների ձևաչափով համատեղ աշխատանքներ կատարելու մասին։ Բացի այդ, նախատեսվում են համատեղ թրենինգներ և աշխատակիցների որակավորման խաչաձև բարձրացում նրանց մոտ թվային ոլորտում լրացուցիչ իրավասություններ ձևավորելու համար։

Իրականացված խորհրդակցությունների արդյունքների հիման վրա, ինչպես նաև հաշվի առնելով ԵԱՏՄ պետությունների և Ուզբեկստանի Հանրապետության՝ որպես ԵԱՏՄ-ին կից դիտորդ պետության հետազոտությունների, օրենսդրության և իրավակիրառ պրակտիկայի լրացուցիչ վերլուծությունը, Հանձնաժողովը զեկույց և հանձնարարականներ կնախապատրաստի։

Մաքսիմ Երմոլովիչն ընդգծել է, որ «մենք երկրների հետ համատեղ կփորձենք մշակել ԵԱՏՄ-ում թվային շուկաների կարգավորման ներդաշնակեցված մոտեցումներ»։

Սեմինար-խորհրդակցությանը մասնակցել են Հայաստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության հանձնաժողովի, Բելառուսի Հանրապետության հակամենաշնորհային կարգավորման և առևտրի նախարարության, Ղազախստանի Հանրապետության մրցակցության պաշտպանության և զարգացման գործակալության, Ղրղզստանի Հանրապետության էկոնոմիկայի և առևտրի նախարարությանն առընթեր հակամենաշնորհային կարգավորման ծառայության, Դաշնային հակամենաշնորհային ծառայության ներկայացուցիչներ։

Այս ուղղությամբ աշխատանքների համալիր քննարկումը կշարունակվի այս տարվա նոյեմբերի 20-ին նախատեսված, ԵՏՀ և Մոսկվայի Մ.Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի իրավագիտության ֆակուլտետի կողմից կազմակերպված «Թվային շուկաները ԵԱՏՄ տարածքում. հետազոտությունների, հակամենաշնորհային կարգավորման և իրավական ապահովման արդիական հարցեր» միջազգային գիտագործնական խորհրդաժողովի ընթացքում:

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման բլոկի և Ուզբեկստանի Հանրապետության մրցակցության զարգացման և սպառողների իրավունքների պաշտպանության կոմիտեի միջև փոխգործակցությունն իրականացվում է
 համագործակցության ոլորտային ուղղությունների շրջանակներում, որոնք նախատեսված են
 ԵՏՀ և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության միջև 2021 թվականի ապրիլի 30-ի փոխգործակցության հուշագրով և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Ուզբեկստանի Հանրապետության կառավարության 2024-2026 թվականների համատեղ միջոցառումների պլանով։