Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հետագա համագործակցության հեռանկարները, այդ թվում՝ Եվրասիական տնտեսական միության երկրներում միգրանտների առողջության պահպանության հարցերի շուրջ, քննարկել են ԵՏՀ աշխատանքային միգրացիայի և սոցիալական պաշտպանության վարչության տնօրեն Ալտինայ Օմուրբեկովան և ԵՏՀ էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարարի օգնական Արսեն Նասիրխանովը Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) ներկայացուցիչների հետ: Հանդիպումը կայացել է հոկտեմբերի 24-ին Աստանայում՝ ԱՀԿ տարածաշրջանային կոմիտեի 73-րդ նստաշրջանի շրջանակներում։
Նստաշրջանին մասնակցել են ԱՀԿ անդամ ավելի քան 50 պետության առողջապահության նախարարներ։ Ընդհանուր առմամբ, երկրները միջոցառմանը պատվիրակել են ավելի քան 650 անձի:
Հանձնաժողովի ներկայացուցիչները մասնակցել են Եվրոպական տարածաշրջանի պետություններում առողջապահության ոլորտի արդիական հարցերի և առանցքային խնդիրների քննարկմանը։ Տեղեկատվություն է ներկայացվել է մարդկանց առողջական վիճակի և բարեկեցության ընթացիկ վիճակի, առողջապահության ոլորտում արտակարգ իրավիճակներին պատրաստվածության բարձրացման մասին: Խոսվել է նաև բժշկական և բուժսոցիալական կադրերին առնչվող ճգնաժամի հաղթահարման, հակամանրէային դեղամիջոցների նկատմամբ դիմադրողականության սպառնալիքի դեմ պայքարի և փախստականների ու միգրանտների առողջությունը կարգավորող արձանագրությունների և գործնական մոտեցումների կատարելագործման մասին:
ԵՏՀ և ԱՀԿ ներկայացուցիչների հանդիպման արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել 2024 թվականի սկզբին առողջապահական հարցերի շուրջ միջերկրային խորհրդակցություն անցկացնելու վերաբերյալ։ Նախատեսվում է քննարկել Կենտրոնական Ասիայի տարածաշրջանում աշխատող միգրանտների բժշկական սպասարկման կարիքները բավարարելու եղանակները։ Նախատեսվում է ԵԱՏՄ անդամ պետությունների և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցություն։
Տեղեկանք
Հանձնաժողովի և ԱՀԿ միջև փոխգործակցությունն իրականացվում է ԵՏՀ և Առողջապահության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային գրասենյակի միջև 2021 թվականի հոկտեմբերի 13-ի փոխըմբռնման հուշագրի շրջանակներում:
Հանձնաժողովի ներկայացուցիչներն ակտիվորեն մասնակցել են ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանում փախստականների և միգրանտների առողջության առնչությամբ գործողությունների 2023-2030 թվականների պլանի նախապատրաստմանը: