Նորություններ

19.01.2024

ԵՏՀ-ը ներկայացրել է վերջին չորս տարվա աշխատանքի արդյունքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովը հրապարակել է 2020-2023 թվականների գործունեության հաշվետվությունը։

Բացման խոսքում ԵՏՀ կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչը ներկայացնում է Եվրասիական տնտեսական միության նախորդ չորս տարվա զարգացումը բնութագրող առանցքային թվեր. «2020-2023 թվականներին ԵԱՏՄ ՀՆԱ ծավալն ավելացել է 4.1%-ով, հասնելով 2.2 տրլն դոլարի: Արդյունաբերական արտադրությունն աճել է 8.3%-ով, այդ թվում՝ արտադրական արդյունաբերությունում` 5.7%-ով: Գյուղատնտեսական արտադրանքի արտրադրությունը աճել է 11.8%-ով: ԵԱՏՄ պետությունների փոխադարձ առևտրի ծավալը նույն ժամանակահատվածում աճել է 1.5%-ով:

ԵԱՏՄ-ում վերջին չորս տարվա առանցքային իրադարձություններից է Հանձնաժողովի կողմից Մինչև 2025 թվականը եվրասիական տնտեսական ինտեգրման զարգացման ռազմավարական ուղղությունների նախապատրաստումը և Միության պետությունների ղեկավարների կողմից հաստատումը՝ դրանց հետագա իրականացմամբ։ Ռազմավարություն-2025-ն ընդլայնել է ԵԱՏՄ մասին պայմանագրի հորիզոնները և նշանավորել անցումը կայացման փուլից նախագծային ինտեգրման փուլին։

ԵԱՏՄ-ում տնտեսական աճն արագացնելու համար սկսվել է արտադրական կարողությունների, աշխատանքային ռեսուրսների և գիտատեխնիկական ներուժի արդյունավետ օգտագործման հիման վրա ներդրումային ւ նորարարական ակտիվության բարձրացման մոտեցումների մշակումը: Հաստատվել է կոոպերացիոն նախագծերի ֆինանսավորման նոր մեխանիզմը, որ թույլ կտա արդեն 2024 թվականին սկսել դրանց ընտրությունը և իրականացումը: Ուժի մեջ է մտել ԵԱՏՄ-ում փոխադրումների հետագծման համար նավիգացիոն կապարակնիքների կիրառման մասին համաձայնագիրը, որի գործնական իրագործումը պետք է մեկնարկի 2024 թվականի սկզբին։ Ստորագրվել է Պետական գնումներ իրականացնելիս բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիրը։ Այսպիսով, փաստացի ավարտվել են աշխատանքներն այն հարցերի շուրջ, որոնք երկար տարիներ չէին լուծվում։

2023 թվականի դեկտեմբերի 25-ին Եվրասիական տնտեսական միության պետությունների ղեկավարները ստորագրել են «Եվրասիական տնտեսական ուղի» մինչև 2030 թվականը և մինչև 2045 թվականն ընկած ժամանակահատվածի համար ԵԱՏՄ զարգացման հռչակագիրը: Հռչակագիրը սահմանում է մինչև 2045 թվականը ինքնաբավ, ներդաշնակ զարգացած և աշխարհի բոլոր երկրների համար գրավիչ, տնտեսատեխնոլոգիական և մտավոր առաջնության կրող և անդամ պետությունների բնակչության բարեկեցության բարձր մակարդակն ապահովող մակրոտարածաշրջանի վերածելու Միության միջնաժամկետ՝ մինչև 2030 թվականը հեռանկարի խնդիրները։ Այսօր ԵԱՏՄ-ն միջազգային տնտեսական հարաբերությունների ճարտարապետության կարևոր տարր է: 2020 թվականին ԵԱՏՄ-ին կից դիտորդի կարգավիճակ են ստացել երկու պետություն՝ Կուբան և Ուզբեկստանը։ Ավարտվել է Իրանի հետ ժամանակավոր առևտրային համաձայնագրից լիաձևաչափ առևտրային համաձայնագրին անցում կատարելու աշխատանքը։ ՇՀԿ-ի, ԱՍԵԱՆ-ի և ԱՓՎՄԽ-ի հետ համատեղ ձևավորվում է անխափան կապվածության տարածք Մեծ Եվրասիայում, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հետ համատեղ իրականացվում է եվրասիական ինտեգրման և «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության կապակցում: Կառուցողական երկխոսություն է կառուցվում ԲՐԻԿՍ-ի և Աֆրիկյան միության հետ։ Այս աշխատանքը ներդրում է Մեծ Եվրասիական գործընկերության գաղափարի գործնական իրականացման գործում։

Ընդ որում, ԵՏՀ կոլեգիայի նախագահի խոսքով՝ Եվրասիական տնտեսական միությունը դարձել է մեր կյանքի անբաժանելի մասը, կարևոր միավորող սկիզբը՝ ոչ միայն զուտ տնտեսական իմաստով։ «Չնայած մեր բոլոր տարբերություններին, մենք զգալիորեն շատ ընդհանուր, մեզ միավորող բաներ ունենք, — ընդգծել է Միխայիլ Մյասնիկովիչը։ — Ե՛վ համամարդկային տեսանկյունից, և՛ մեր երկրների հնգյակի՝ Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության տնտեսությունների տեսանկյունից: Կարծում եմ, որ դա մեր գլխավոր արժեքն է, որը պետք է պահպանել ու մեծացնել»։

Զեկույցում ներկայացված են Հանձնաժողովի բոլոր բլոկերի, այն է՝ ԵՏՀ կոլեգիայի նախագահի. ինտեգրման և մակրոտնտեսության. տնտեսության և ֆինանսական քաղաքականության. արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի. առևտրի. մաքսային համագործակցության. մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման. տեխնիկական կարգավորման. էներգետիկայի և ենթակառուցվածքի. ներքին շուկաների, տեղեկատվայնացման, տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաների բլոկերի աշխատանքի արդյունքները։

Հրատարակությունը փաստացի ոչ միայն հաշվետու բնույթ է կրում։ Այն շատ ավելի լայն բովանդակություն ունի. ներառում է ինչպես պատմական մասը, այնպես էլ եվրասիական զարգացման հեռանկարները, որոնք ներկայացված են Հանձնաժողովի գործունեության բոլոր ուղղություններին վերաբերող նյութերում:

Հաշվետվությունը մշակվել է Արարողակարգի և կազմակերպական ապահովման վարչության կողմից՝ Հանձնաժողովի բլոկերի հետ համատեղ։ Դրան կարելի է ծանոթանալ հղումով: