Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի փոփոխությունները քննարկել են հունիսի 26-ին ԵՏՀ կենտրոնակայանում՝ Պայմանագրի կատարելագործման հարցերով համախմբված աշխատանքային խմբի նիստում, որը նախագահել է ԵՏՀ ինտեգրման և մակրոտնտեսության նախարար Սերգեյ Գլազևը:
Նիստի ընթացքում աշխատանքային խմբի անդամները հավանություն են տվել Միության մասին պայմանագրում փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նոր նախագծում ներառման ենթակա մի շարք փոփոխությունների, ինչպես նաև քննարկել են «4-րդ Մեծ» արձանագրության նախագծի ներպետական համաձայնեցման արդյունքները։
«4-րդ Մեծ» արձանագրության նախագծի հիմնական նպատակն է իրավական կարգավորման՝ իրավակիրառ պրակտիկայի ընթացքում հայտնաբերված բացերը վերացնելուն ուղղված փոփոխությունների կատարումը և Միության մասին պայմանագրում օգտագործվող եզրութաբանության հստակեցումը: Փաստաթուղթն այս տարվա մարտին ԵՏՀ կոլեգիայի կարգադրությամբ ուղարկվել է ԵԱՏՄ երկրների ներպետական համաձայնեցմանը։
Խմբի կազմում ընդգրկված են Միության անդամ պետությունների պետական իշխանության մարմինների, ԵՏՀ և Միության դատարանի ներկայացուցիչներ:
Աշխատանքային խմբի շրջանակներում նախապատրաստվել են Միության մասին պայմանագրի փոփոխությունների մասին մի շարք արձանագրություններ, այդ թվում՝ «1-ին Մեծ» արձանագրությունը՝ ուժի մեջ է մտել 2021 թվականի հուլիսի 15-ին, «2-րդ Մեծ» արձանագրությունը՝ ուժի մեջ է մտել 2024 թվականի փետրվարի 12-ին, «3-րդ Մեծ» արձանագրությունը՝ ուժի մեջ է մտել 2024 թվականի ապրիլի 25-ին։