Նորություններ

13.02.2023

ԵՏՀ-ն նախազգուշացում է տվել ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների անդրսահմանային շուկայում

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի հակամենաշնորհային բլոկը նախազգուշացում է տվել Ռուսաստանի Դաշնության՝ Ռուսաստանի և Ղազախստանի շուկաներում մեքենաների վերանորոգման ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտի տնօրենին:

Նախազգուշացումը տրվել է Ռուսաստանում ավտոմեքենաների վերանորոգման ծառայությունների արժեքի բարձրացման մասին ընկերության ղեկավարի հրապարակային հայտարարության հետ կապված, որն, ըստ վերջինիս, տեղի կունենա 2023 թվականի կեսերին: Նման հայտարարություն նա արել է gazeta.ru համացանցային հրատարակության թղթակցի հետ զրույցում, որը տեղադրվել համացանցում։ 

Հաշվի առնելով շուկայում տնտեսավարող սուբյեկտի հանրահայտ լինելը, Ռուսաստանի և Ղազախստանի քաղաքներում մեծ թվով ֆրանչայզի առկայությունը, այս հայտարարությունը կարող է էական ազդեցություն գործել ավտոսպասարկման ծառայությունների ապրանքային շուկայի վրա և հանգեցնել մրցակցության այնպիսի խախտումների, որոնք արգելված են Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրի 76-րդ հոդվածով: 

Հիշեցնենք, որ նախազգուշացումը ԵԱՏՄ իրավունքում այսպես կոչված «մեղմ կարգավորման» գործիք է։ Այն ներդրվել է 2021 թվականին։

Նախազգուշացում կարող է ստանալ ինչպես ֆիզիկական անձը, այնպես էլ տնտեսավարող սուբյեկտի պաշտոնատար անձը՝ անդրսահմանային շուկայում նախատեսվող այնպիսի վարքագծի մասին հրապարակային հայտարարության համար, որը կարող է հանգեցնել մրցակցության ընդհանուր կանոնների խախտմանը։ 

Մեկնաբանելով հրապարակված նախազգուշացումը՝ ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովը նշել է, որ վերազգային կարգավորիչն իր աշխատանքում հենվում է ոչ թե մրցակցության կանոնների խախտման հետևանքների դեմ պայքարի, այլ ռիսկերի կառավարման կանխարգելիչ համակարգի ստեղծման վրա։