Նորություններ

18.01.2023

ԵՏՀ-ն տուգանքներ է սահմանել Ղազախստանի և Ղրղզստանի ընկերությունների նկատմամբ անբարեխիղճ մրցակցության համար

Շուրջ երեք միլիոն ռուսական ռուբլու չափով տուգանքներ պետք է վճարեն «Ղազախստանի Հանրապետության պրոֆեսիոնալ հաշվապահների պալատ» հաշվապահների մասնագիտական կազմակերպությունը (Ղազախստանի Հանրապետություն), «Հավաստագրված հանրային հաշվապահների եվրասիական ինստիտուտ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերակցությունը (Ղազախստանի Հանրապետություն), «Ղրղզստանի պրոֆեսիոնալ հաշվապահների և աուդիտորների ինստիտուտ» հասարակական միավորումը (Ղրղզստանի Հանրապետություն) և «ՍԻՊԱԵՆ» հիմնարկը (Ղրղզստանի Հանրապետություն):

Նման որոշում է կայացվել 2023 թվականի հունվարի 17-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Կոլեգիայի կողմից՝ ԵԱՏՄ անդրսահմանային շուկայում անբարեխիղճ մրցակցության փաստերի վերաբերյալ գործի քննության արդյունքում։

Հետաքննության համար հիմք է հանդիսացել Ռուսաստանի Հավաստագրված հանրային հաշվապահների ինստիտուտի (ՀՀՀԻ) դիմումը Հանձնաժողովին, որը մատուցում է ֆինանսական ծառայողների ուսուցանման և նրանց CIPA/CPA/CPA EURASIA որակավորված միջազգային հավաստագրի շնորհման ծառայություններ:

Գործի քննության ընթացքում պարզվել է, որ նշված ընկերություններն իրենց կայքերում ոչ հավաստի տեղեկատվություն էին տարածում ՀՀՀԻ գործունեության դադարեցման մասին։ Միաժամանակ իրենց գործունեությունը ներկայացնում էին որպես CIPA հավաստագրման ծրագրի շարունակություն և զարգացում՝ հայտատուի ապրանքանիշով և դիզայնով։ Նման գործողությունները մոլորության մեջ էին գցում սպառողներին, որոնք կարծում էին, որ ծառայություն են գնում CIPA/CPA/CPA EURASIA հավաստագրերի տրամադրման իրավունքի օրինական իրավատիրոջից: Նման գործողությունների արդյունքում ՀՀՀԻ-ն կորցրել է իր որոշ հաճախորդների։

ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով՝ ընկերությունների գործողությունները որակվել են որպես անբարեխիղճ մրցակցություն, որն արգելված է ԵԱՏՄ մասին պայմանագրի 76-րդ հոդվածի 2-րդ կետով։

«Կոլեգիայի որոշմամբ խախտում թույլ տված ընկերությունների նկատմամբ նշանակվել է տուգանք 662500-ական ռուբլու չափով։ Անդրսահմանային շուկաներում մրցակցության ընդհանուր կանոնների խախտման համար տուգանքների հաշվարկման մեթոդիկային և նշանակման կարգին համապատասխան՝ տուգանքները վճարվում են այն պետության բյուջե, որի տարածքում գրանցված է իրավախախտը: Այսինքն՝ այդ տուգանքները կվճարվեն Ղազախստանի և Ղրղզստանի բյուջեներ ազգային արժույթներով՝ որոշման օրվա փոխարժեքով»,- նշել է նախարարը։

Հակամրցակցային գործողությունները դադարեցնելու նպատակով Կոլեգիայի որոշմամբ մեղադրյալներին հանձնարարվել է նաև հեռացնել իրականությանը չհամապատասխանող տեղեկատվությունը համացանցային կայքերից և հետագայում զերծ մնալ անբարեխիղճ վարքագծից հանրային հաշվապահների ուսուցանման և հավաստագրման ծրագրերի հետ կապված ծառայությունների անդրսահմանային շուկայում:

Կոլեգիայի որոշումն ուժի մեջ կմտնի ԵՏՀ պաշտոնական կայքում հրապարակվելու պահից 30 օրացուցային օր հետո։