Նորություններ

17.06.2022

Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական հանրությունը հետաքրքրություն է ցուցաբերում ԵԱՏՄ-ի հետ փոխգործակցության նկատմամբ

Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի լուսանցքներում կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի և Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական հանրության (ԿԱՊՏՀ) պաշտոնական ներկայացուցիչների առաջին աշխատանքային հանդիպումը: ԵՏՀ պատվիրակությունը գլխավորել է ինտեգրացիայի և մակրոտնտեսության հարցերով նախարար Սերգեյ Գլազևը, ԿԱՊՏՀ-ի պատվիրակությունը՝ այդ կազմակերպության հանձնաժողովի նախագահ Ժիլբերտ դա Պիեդադե Վերիսիմուն:

Սերգեյ Գլազևը զրուցակցին տեղեկացրել է Սոչիում կայացած Ռուսաստան – Աֆրիկա առաջին գագաթնաժողովից հետո ինչպես տարածաշրջանային, այնպես էլ Աֆրիկայի ենթատարածաշրջանային ինտեգրացիոն միավորումների հետ՝ Հանձնաժողովի շփումների ակտիվացման մասին։

Իր հերթին, Ժիլբերտ դա Պիեդադե Վերիսիմուն հանդես է եկել ԵԱՏՄ-ի և ԵՏՀ-ի՝ որպես Միության վերազգային մարմնի հետ ԿԱՊՏՀ-ի փոխգործակցության հաստատման օգտին և ընդգծել է շահագրգռվածությունը ԵԱՏՄ-ի առաջավոր փորձի և ինտեգրացիոն պրակտիկաների ուսումնասիրման հարցում։

Հանդիպման մասնակիցները պայմանավորվել են առաջիկայում կայանալիք Ռուսաստան – Աֆրիկա երկրորդ գագաթնաժողովի հարթակներում, ինչպես նաև ՄԱԿ-ի համակարգի (ՅՈՒՆԿՏԱԴ, ԷԿՈՍՈՍ և այլն) միջազգային կազմակերպությունների գծով միջոցառումների շրջանակներում փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաներով, այդ թվում՝ կայուն զարգացման հարցերով համատեղ թեմատիկ նստաշրջանների և սեմինարների անցկացման մասին։ Փոխըմբռնում է ձեռք բերվել նաև ինչպես ԵԱՏՄ-ում, այնպես էլ ԿԱՊՏՀ-ում լայն լսարանի համար ինտեգրացիոն միավորումների համատեղ շնորհանդեսներ անցկացնելու անհրաժեշտության մասին:

Սերգեյ Գլազևը Ժիլբերտ դա Պիեդադե Վերիսիմին տեղեկացրել է Եվրասիական տնտեսական միության զարգացման արդիական ասպեկտների, այդ թվում՝ Միության միջազգային գործունեության արդյունքների մասին: Զրուցակիցն իր հերթին շահագրգռվածություն է ցուցաբերել ԵՏՀ-ի հետ կայուն երկխոսություն հաստատելու և Հանձնաժողովի հետ համագործակցության ձևայնացման հարցը մշակելու հնարավորության հարցում:

Տեղեկանք

Կենտրոնական Աֆրիկայի պետությունների տնտեսական հանրությունը (ԿԱՊՏՀ՝ Economic Community of Central African States, ECCAS) Կենտրոնական Աֆրիկյան պետությունների ինտեգրացիոն միավորում է, որը ստեղծվել է 1983 թվականին և ներառում է Անգոլան, Բուրունդին, Գաբոնը, ԿԴՀ-ը, Կամերունը, Կոնգոյի Հանրապետությունը, Ռուանդան, Սան Տոմե և Փրինսիպին, ԿԱՀ-ը, Չադը, Հասարակածային Գվինեան։

Կազմակերպության հայտարարած նպատակներն են մասնակից երկրների միջև ինտեգրացիոն գործընթացների զարգացումը, դրանց համակողմանի խորացմանը նպաստելը՝ սեփական տնտեսական ուժերի վրա հենվելով, ընդհանուր շուկայի ստեղծման առաջխաղացումը: Ինտեգրացիոն խնդիրների «դասական» հավաքածուից բացի, ԿԱՊՏՀ-ը նաև զբաղվում է խաղաղության և կայունության ամրապնդման, ահաբեկչության և ծովահենության դեմ պայքարի, համայնքի տարածքում ընտրական գործընթացների աջակցման գործառույթներով: