Նորություններ

07.11.2024

Փորձագետները քննարկել են ԵԱՏՄ երկրներում սպառողական գների աճի կայունացման միջոցները

Եվրասիական տնտեսական միության պետությունների լիազոր մարմինների ներկայացուցիչները նոյեմբերի 6-ին Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կենտրոնակայանում կայացած սեմինարի ընթացքում քննարկել են ԵԱՏՄ երկրներում սպառողական գների կայունության պահպանման միջոցները։

Համաշխարհային գների աճի, առևտրատնտեսական սահմանափակումների և մատակարարումների լոգիստիկ շղթաների վերակառուցման պայմաններում եվրասիական «հնգյակի» երկրները միջոցներ էին ձեռնարկում գնաճի ազգային նպատակների իրականացման համար գների աճը զսպելու ուղղությամբ։

Սպառողական գները կայունացնելու համար մոնետար կարգավորիչները վերջին տարիներին առանցքային դրույքաչափերը պահել են բարձր մակարդակի վրա: Միության երկրների մեծ մասում լիազոր մարմինները միջոցներ էին ձեռնարկում առանձին սոցիալական նշանակություն ունեցող ապրանքների գների ժամանակավոր կարգավորման, առանձին տեսակի ապրանքների արտահանման սահմանափակման, ներքին շուկայի հագեցման, առևտրային հավելագների մշտադիտարկման, գյուղատնտեսական արտադրողներին արտոնյալ վարկերի և հարկային զիջողությունների, ինչպես նաև սուբսիդիաների տրամադրման ուղղությամբ:

Ձեռնարկվող միջոցների ժամանակին և ընդարձակ լինելու շնորհիվ ԵԱՏՄ երկրներում նկատվել է գնաճի կայունացում և գների կայունության բարձրացում։ Սեպտեմբերի արդյունքներով ԵԱՏՄ երկրներում գնաճի մակարդակը կազմել է՝ Հայաստանում՝ 0.6%, Բելառուսում՝ 6.0%, Ղազախստանում՝ 8.3%, Ղրղզստանում՝ 4.9%, Ռուսաստանում՝ 8.6%:

Սեմինարին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների տնտեսական զարգացման կայունությունը որոշող մակրոտնտեսական ցուցանիշների հաշվարկման և դրանց պահպանման գնահատման հարցերով աշխատանքային խմբի անդամները:

Միության մասին պայմանագրին համապատասխան՝ ԵԱՏՄ երկրների տնտեսական զարգացման կայունությունը որոշող հիմնական մակրոտնտեսական ցուցանիշներից մեկը գնաճի մակարդակն է։ Հանձնաժողովը կանոնավոր կարգով իրականացնում է Միության երկրներում գնաճի մակարդակի մշտադիտարկում՝ https://eec.eaeunion.org/upload/medialibrary/c62/51lifdqd70f5xh16q0rlpl0faaioegi1/Monitoring-pokazateley_-opredelyayushchikh-ustoychivost.pdf: