Նորություններ

01.11.2023

Էլդար Ալիշերով. «ԵԱՏՄ-ում մաքսային կարգավորման ոլորտի ինտեգրացիոն գործընթացները թևակոխել են նոր՝ թվային փուլ»

Եվրասիական տնտեսական միությունում մաքսային կարգավորման ոլորտի ինտեգրացիոն գործընթացները թևակոխել են նոր փուլ՝ ընդգրկելով տեղեկատվական համակարգերը և թվային տեխնոլոգիաները։ Այս մասին հոկտեմբերի 31-ին Մոսկվայում կայացած Միջազգային մաքսային համաժողովի ժամանակ հայտարարել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը։

«Ընթացիկ տարին անցնում է ԵԱՏՄ մարմիններում Ռուսաստանի նախագահությամբ, և անդամ պետությունների ղեկավարներին ուղղված իր խոսքում Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նախագահ, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ռազմավարական ուղղությունների թվում նշել է Միությունում մաքսային գործի կատարելագործումը,- նշել է Էլդար Ալիշերովը: - Խոսքը, մասնավորապես, ԵԱՏՄ արտաքին սահմաններում ռիսկերի կառավարման համակարգի օգտագործմամբ մաքսային ընթացակարգերի միասնականացման, ժամանակակից տնտեսական իրողություններին համապատասխանող նոր տրանսպորտլոգիստիկ ենթակառուցվածքի ձևավորման մասին է։ Հանձնաժողովը Միության երկրների հետ համատեղ աշխատում է այս ուղղությամբ՝ օգտագործելով թվային տեխնոլոգիաներ, ներառյալ արհեստական բանականության կիրառումը։ Սա, անշուշտ, մաքսային ոլորտի զարգացման նոր փուլ է»։

ԵՏՀ նախարարն ընդգծել է, որ Հանձնաժողովը և անդամ պետությունները կառուցում են Միության ընդհանուր թվային տարածքը, այդ թվում՝ մաքսային ոլորտում, ինտեգրելով գործընթացները, թվային փոխգործակցության միջոցները և տեղեկատվական ռեսուրսները։ Այդ աշխատանքն իրականացվում է՝ ելնելով ազգային շահերից, և միաժամանակ նպաստում է եվրասիական ինտեգրման հաջող զարգացմանը։ 

Նրա խոսքով՝ համաշխարհային տնտեսական գործընթացների թվային վերափոխման համատեքստում ԵԱՏՄ բազմաթիվ մաքսային ընթացակարգեր արդեն տեղափոխվել են և շարունակում են «տեղափոխվել ժամանակակից թվային ռելսերի վրա»։ Այստեղ տեղին է խոսել էլեկտրոնային մաքսային հայտարարագրման, մաքսային հայտարարագրերի ավտոմատ գրանցման, ապրանքների ավտոմատ բացթողման և բացթողման ժամկետները մինչև 4 ժամ կրճատելու, լիազորված տնտեսական օպերատորների ինստիտուտի կատարելագործման և բազում այն հարցերի մասին։ Սրանք, ըստ էության, մաքսային գործընթացների զարգացման և ոչ միայն Միության շրջանակներում, այլև երրորդ երկրների հետ անդամ պետությունների անվտանգ և արդյունավետ առևտրի ապահովման առանցքային գործոններ են: