ԵՏՀ մաքսային համագործակցության նախարար Էլդար Ալիշերովը սեպտեմբերի 19-ին Մինսկում՝ «Եվրասիական տնտեսական ինտեգրման հեռանկարները նոր մարտահրավերների և սպառնալիքների պայմաններում. մաքսային չափում» 14-րդ միջազգային գիտագործնական գիտաժողովի ընթացքում, խոսել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից Եվրասիական տնտեսական միության երկրներում մաքսային օրենսդրության կատարելագործման ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կողմից կատարվող աշխատանքի մասին։
Ըստ Էլդար Ալիշերովի՝ եվրասիական տնտեսական ինտեգրման կարևոր խնդիրներից է առանցքային ապրանքների և ռեսուրսների ապահովվածության ընդհանուր տարածքի ձևավորումը, իսկ այս գործընթացում կարևոր դեր են կատարում մաքսային մարմինները։
«Առանց մաքսայինի անհնար է ապահովել տրանսպորտալոգիստիկ ենթակառուցվածքի կայուն աշխատանքը։ Տարանցման ազատությունը, ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների կիրառումը, մաքսային ծառայությունների աշխատանքի կայուն և կանխատեսելի իրավական բաղադրիչը հուսալի հիմք են մեր պետությունները կապող անխափան և անվտանգ միջազգային տրանսպորտային միջանցքների զարգացման համար»,- նշել է ԵՏՀ նախարարը։
Էլդար Ալիշերովն ասել է, որ Միության մաքսային տարանցման համակարգի հասանելիությունն ու թափանցիկությունն ապահովելու համար անհրաժեշտ է նախատեսել շահագրգիռ երրորդ պետություններին դրան միացնելու հնարավորություն։
«Տեխնոլոգիաների զարգացման ժամանակակից միտումները պայմանավորում են մոտ ապագայում նորարարական մաքսային վարչարարության ձևավորումը, - ընդգծել է ԵՏՀ նախարարը։ - Խելացի տեխնոլոգիաների սկզբունքների ներդրումը պետք է լինի համատարած՝ սկսած խելացի անցակետերի կառուցումից մինչև պրոակտիվ ավտոմատացված ծառայությունների տրամադրում, էլեկտրոնային հայտարարագրում և մեծ տվյալների ավտոմատ մշակում, Միության մաքսային մարմինների միջև տեղեկատվության օպերատիվ փոխանակում»։