Նորություններ

19.10.2023

ԵՏՀ-ում քննարկել են մտավոր սեփականության ոլորտում եվրասիական ինտեգրացիոն օրակարգը

Եվրասիական տնտեսական միության միասնական շուկայում կեղծ ապրանքների դեմ պայքարի իրավակիրառ պրակտիկայի ամենամյա մշտադիտարկում իրականացնելու ուղղությամբ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի աշխատանքը բարձր են գնահատել ԵՏՀ մտավոր սեփականության խորհրդատվական կոմիտեի անդամները, որի նիստը տեղի է ունեցել հոկտեմբերի 18-ին ԵՏՀ կենտրոնակայանում Հանձնաժողովի էկոնոմիկայի և ֆինանսական քաղաքականության նախարար Բակիտժան Սագինտաևի նախագահությամբ։ 

Ինչպես ընդգծել են նախարարությունների և գերատեսչությունների, ինչպես նաև Միության երկրների գործարար համայնքի ներկայացուցիչները, նման մշտադիտարկման արդյունքների վրա հիմնված հանձնարարականները լիազոր մարմիններին թույլ են տալիս կատարելագործել կեղծարարության դեմ պայքարի ռազմավարությունը։

Հանձնաժողովի տնտեսության և ֆինանսական քաղաքականության բլոկի ներկայացուցիչների խոսքով՝ 2022 թվականին ԵԱՏՄ պետություններում արձանագրվել է մտավոր սեփականության ոլորտի 6054 խախտում։ Ընդ որում, հայտնաբերված կեղծ ապրանքների ծավալը կազմել է մոտ 8.7 մլն միավոր, այդ թվում՝ հագուստ և կոշկեղեն, խաղեր և խաղալիքներ, ավտոմեքենաների պահեստամասեր, տպագիր և դեղագործական արտադրանք։ Հանձնաժողովը Միության երկրների լիազոր մարմինների հետ համատեղ անում է հնարավորը բարեխիղճ արտադրողներին և սպառողներին կեղծիքներից պաշտպանելու համար, որոնք կարող են վտանգ ներկայացնել մարդկանց կյանքին և առողջությանը։

Հանդիպման մասնակիցները քննարկել են նաև մտավոր սեփականության ոլորտում Հանձնաժողովի և ԱՊՀ գործադիր կոմիտեի միջև համագործակցության հետագա զարգացման ուղիները։

Բացի այդ, տեղեկատվություն է ներկայացվել Միության ապրանքային նշանների, սպասարկման նշանների և ապրանքների ծագման տեղանունների մասին պայմանագրի կատարման, համացանցում մտավոր սեփականության իրավունքների խախտումների դեմ պայքարի համաձայնեցված մոտեցումների ձևավորման և մի շարք այլ հարցերի վերաբերյալ:

Պայմանավորվածություն է ձեռք բերվել Հանձնաժողովի կողմից 2019-2023 թվականների վերլուծական ակնարկի նախապատրաստման վերաբերյալ, որում, ի թիվս այլնի, կհետազոտվեն մտավոր սեփականության ոլորտի զարգացման հիմնական համաշխարհային միտումները, կկատարվի անդամ պետությունների օրենսդրության համեմատական վերլուծություն և կմշակվեն համապատասխան առաջարկներ։ Այս վերլուծական աշխատանքի արդյունքները կօգնեն խորացնել մտավոր սեփականության ոլորտում Միության երկրների համագործակցությունը, կատարելագործել մտավոր սեփականության օբյեկտների պահտպանության, պաշտպանության և օգտագործման ազգային համակարգերը:

Տեղեկանք

Մտավոր սեփականության հարցերով խորհրդատվական կոմիտեն ստեղծվել է 2012 թվականի սեպտեմբերի 25-ին։ Դրա ընդգրկվել են ԵԱՏՄ պետությունների նախարարությունների և գերատեսչությունների ղեկավարներ, ղեկավարների տեղակալներ և գործարար համայնքի ներկայացուցիչներ։ Կոմիտեն Հանձնաժողովի համար պատրաստում է մտավոր սեփականության ոլորտի հանձնարարականներ, խորհրդակցություններ անցկացնում, նախաձեռնում Միության երկրների լիազոր մարմինների միջև փոխգործակցության առաջարկներ և աշխատում է այլ պրոֆիլային հարցերի շուրջ։