Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստում հաստատվել է Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների բնական մենաշնորհների ոլորտում մերձեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկը։ Պետությունների ղեկավարները ԵԱՏՄ երկրներին հանձնարարել են աշխատել այս ցանկում նշված ազգային օրենսդրությունների լրացման ուղղությամբ։
Ցանկը ձևավորվել է Հանձնաժողովի և Միության երկրների լիազոր մարմինների համատեղ աշխատանքի արդյունքում՝ հիմք ընդունելով ԵԱՏՄ մասին պայմանագրի № 20 հավելվածով սահմանված բնական մենաշնորհների ոլորտների կարգավորման սկզբունքները և հասանելիության ապահովման կանոնները:
Ցանկը ներառում է այնպիսի նորմատիվ իրավական ակտեր, որոնք առնչվում են բնական մենաշնորհների ոլորտներին՝ երկաթուղային տրանսպորտի, վառելիքաէներգետիկ համալիրի, աերոնավիգացիայի, ջրամատակարարման և ջրահեռացման մասով, ինչպես նաև նախատեսում բնական մենաշնորհների ծառայությունների ընդգրկման կամ բացառման և բնական մենաշնորհների սուբյեկտների գրանցամատյանի վարման նորմեր: Միության անդամ պետությունների 26 իրավական ակտիվ բաղկացած ցանկը կարող է լրացվել և արդիականացվել կողմերից կամ Հանձնաժողովից առաջարկություններ ստանալուն զուգընթաց։
Ակնկալվում է, որ ԵԱՏՄ երկրներն առաջիկա չորս տարում կաշխատեն այս ցանկում ընդգրկված իրենց օրենսդրությունը փոփոխելու ուղղությամբ։
«Մեր համատեղ աշխատանքի արդյունքները սպառողներին հնարավորություն կտան, անկախ ԵԱՏՄ անդամ որևէ պետությանը պատկանելությունից, հասկանալ բնական մենաշնորհների սուբյեկտների կողմից ծառայությունների մատուցման պետական կարգավորման ընդհանուր մոտեցումները»,- նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը:
ԵՏՀ նախարարի խոսքով, նոր փաստաթուղթը նպատակաուղղված է նաև բնական մենաշնորհների ծառայությունների սպառողների համար հավասար պայմանների, ապրանքների ազատ տեղաշարժի ապահովմանը, սպառողների և կարգավորվող սուբյեկտների շահերի հավասարակշռության պահպանմանը, ինչպես նաև բնական մենաշնորհների ոլորտում մրցակցության զարգացման համար պայմանների ստեղծմանը:
Տեղեկանք
Բնական մենաշնորհների ոլորտում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման համապատասխան միջոցների իրականացման հաջորդականությունը որոշող միջոցառումների պլանի (ճանապարհային քարտեզի) (հաստատված ԵՏՀ խորհրդի կողմից 2017 թվականի դեկտեմբերին) 10-րդ կետը նախատեսում է անդամ պետությունների մերձեցման ենթակա նորմատիվ իրավական ակտերի ցանկի ընդունումը։