Նորություններ

10.07.2024

Գոհար Բարսեղյանը «Իննոպրոմում» ներկայացրեց ԵՏՀ ստենդը

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի արդյունաբերության և ագրոարդյունաբերական համալիրի նախարար Գոհար Բարսեղյանը Եկատերինբուրգում մասնակցել է «Իննոպրոմ» միջազգային ցուցահանդեսին։

Միջոցառման պաշտոնական մասի ընթացքում Բելառուսի, Ղրղզստանի, Ռուսաստանի կառավարությունների ղեկավարները և ԵՏՀ նախարարը քննարկել են «Տրանսմաշհոլդինգ» ԲԲԸ-ի մասնակցությամբ կոոպերացիոն նախագիծը։ Կողմերը պայմանավորվել են ԵԱՏՄ-ում արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի շրջանակներում նոր արտադրական շղթայի հնարավոր գործարկման մասին։

«Այս տարի «Իննորպրոմում» մենք պարզապես հագեցած ծրագիր չունենք: Հանձնաժողովն առաջին անգամ մասնակցում է ցուցահանդեսին սեփական ստենդով, որն ուշադրություն է գրավել և դարձել արդյունավետ գործարար հաղորդակցության հարթակ», – ԵՏՀ ստենդի շնորհանդեսին նշել է Գոհար Բարսեղյանը։

Գոհար Բարսեղյանի և Բելառուսի Հանրապետության արդյունաբերության նախարար Ալեքսանդր Եֆիմովի հանդիպման ընթացքում քննարկվել է ԵԱՏՄ-ում միութենական էլեկտրոբուսի համատեղ արտադրության բելոռուսական առաջարկը։ Պիլոտային նախագիծն արդեն իրականացվում է միջպետական ծրագրի շրջանակներում, որով հետաքրքրված են Հայաստանն ու Ղրղզստանը։

Նախարարները պայմանավորվել են շարունակել կոոպերացիոն համագործակցության խթանման աշխատանքը՝ քննարկելով գործնական ասպեկտները։

Գոհար Բարսեղյանը Թաթարստանի և Սվերդլովսկի մարզի ներկայացուցիչների հետ աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկել է միջտարածաշրջանային համագործակցության ընդլայնման հարցը։

Թաթարստանի փոխվարչապետ, արդյունաբերության և առևտրի նախարար Օլեգ Կորոբչենկոյի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել եվրասիական տեխնոլոգիական հարթակների գծով համագործակցության զարգացման վերաբերյալ։

Գոհար Բարսեղյանի հետ հանդիպմանը մի շարք նախաձեռնություններ է առաջարկել Բաշկորտոստանի կառավարության վարչապետ Անդրեյ Նազարովը։

«Առանձնահատուկ հետաքրքրություն է ներկայացնում Բաշկորտոստանի փորձը արդյունաբերական կլաստերների ստեղծման և զարգացման գործում. դրանք այստեղ տասներեքն են: Պայմանավորվեցինք ակտիվ աշխատել այս ուղղությամբ՝ աշխատանքային խումբ ստեղծել, մշակել աջակցության մեխանիզմ», – նշել է Գոհար Բարսեղյանը։

ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը՝ շարունակելով երկխոսությունը Բաշկորտոստանի ստենդի մոտ, ներկայացրել է արդյունաբերության ոլորտի կոոպերացիոն նախագծերի ֆինանսական աջակցության նոր մեխանիզմը։

ԵՏՀ նախարարը մասնակցել է նաև ԵԱՏՄ գործարար խորհրդի և ԵՏՀ «Արդյունաբերական կոոպերացիան Եվրասիական տնտեսական միությունում. հնարավորություններ և հեռանկարներ» համատեղ նստաշրջանին։

Գոհար Բարսեղյանի խոսքով՝ Հանձնաժողովը մեծ ուշադրություն է դարձնում արդյունաբերական կոոպերացիայի՝ որպես արդյունաբերական համագործակցության իրականացման առանցքային գործիքներից մեկի զարգացմանը։ Նա երախտագիտություն է հայտնել ԵԱՏՄ գործարար խորհրդին արդյունաբերական կոոպերացիայի ֆինանսավորման մեխանիզմի գործարկմանն աջակցելու համար։

Ռուսաստանի արդյունաբերողների և ձեռնարկատերերի միության բաժանմունքների համակարգող խորհրդի նիստում Գոհար Բարսեղյանն կարևորել է միջտարածաշրջանային հաղորդակցությունների ընդլայնման գործում Միության երկրների արդյունաբերական տեսանկյունից զարգացած տարածաշրջանների մասնակցությունը:

«Ուրալի դաշնային շրջանը առանցքային դեր ունի արդյունաբերության և նորարարական ոլորտի զարգացման գործում, – նշել է Գոհար Բարսեղյանը։ – Սրանք այն ուղղություններն են, որոնք լավ հիմք են ստեղծում ֆինանսական աջակցության մեխանիզմին մասնակցելու նպատակով հեռանկարային նախագծերի պուլի ձևավորման համար։ Սա նշանակում է, որ նրանք մեծ ներդրումային ներուժ ունեն։ Ակնկալում եմ տարածաշրջանի ձեռնարկությունների ակտիվ մասնակցությունը նոր գործիքի իրականացմանը»։

Գոհար Բարսեղյանը դարձավ «Տեխնոլոգիական գործընկերություն. միջազգային բիզնեսի կիզակետում» գլխավոր ռազմավարական նստաշրջանի պատվավոր հյուրը։