Նորություններ

25.09.2024

ԵՏՀ խորհրդի 2024 թվականի սեպտեմբերի 24-ի արդյունքները

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը հավանության է արժանացրել և ուղարկել է Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարություններին Գույքի գնահատման ծառայությունների ոլորտում վարչական համագործակցության մասին համաձայնագրի նախագիծը՝ դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերն անցնելու համար։ Համաձայնագիրը սահմանում է պետությունների իրավասու մարմինների միջև տեղեկատվական փոխգործակցության կարգը և ուղղված է արդյունավետ վարչական համագործակցության ապահովմանը:

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Ռուսաստանի Դաշնության առաջարկը և որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում սննդի կենսաբանորեն ակտիվ հավելումների (ԿԱՀ) մակնշման միասնականացված կանոններ սահմանելու մասին։ Ընդունված որոշման համաձայն՝ մակնշման ենթակա է ԿԱՀ համար տրված պետական գրանցման գործող վկայական ունեցող սննդամթերքի լայն շրջանակ։ Անդամ պետություններն իրավունք ունեն ինքնուրույն որոշելու իրենց տարածքում նույնականացման միջոցներով արտադրանքի մակնշման ներդրման ամսաթիվը և փուլայնությունը՝ այդ մասին առնվազն վեց ամիս առաջ ծանուցելով ԵՏՀ-ին։

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհուրդը քննարկել է Ռուսաստանի Դաշնության նախաձեռնողական առաջարկությունը և որոշում է ընդունել Եվրասիական տնտեսական միության երկրներում միասնականացված կանոններով գարեջրի և գարեջրի հիման վրա պատրաստված ըմպելիքների մակնշման ներդրման մասին։ Ըստ փաստաթղթի՝ անդամ պետություններն ինքնուրույն են որոշելու իրենց տարածքում նշված արտադրանքի նույնականացման միջոցների մակնշման ներդրման ամսաթիվը և կարգը՝ այդ մասին առնվազն վեց ամիս առաջ ծանուցելով ԵՏՀ-ին։