Մարտի 30-ին Մոսկվայում առցանց ձևաչափով կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհրդի նիստը՝ Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի նախագահությամբ, ԵՏՀ Խորհրդի անդամների և ԵՏՀ Կոլեգիայի նախագահ Միխայիլ Մյասնիկովիչի մասնակցությամբ:
Ֆիզիկական անձանց համար ապրանքների անմաքս ներմուծման բարձրացված շեմի գործողությունը երկարաձգվել է ևս կես տարով։ Այսպիսով, մինչև սույն թվականի հոկտեմբերի 1-ը ֆիզիկական անձանց համար անմաքս ապրանքների ներմուծման շեմը փոխադրողով կամ փոստային առաքանիներով տեղափոխվող, որպես ուղեբեռ տրանսպորտի բոլոր տեսակներով, բացի օդայինից, կամ ոտքով փոխադրվող ապրանքների համար կկազմի 1000 եվրո և 31 կգ:
Եվրասիական տնտեսական հանձնաժողովի Խորհուրդը որոշում է ընդունել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում եղեգնաշաքարի հումքի անմաքս ներմուծման ձևով սակագնային արտոնություն տրամադրելու մասին։ Ներմուծման մաքսատուրքից ազատվում է Բելառուսի Հանրապետություն ներմուծվող շաքարը՝ առավելագույնը 100 հազ. տոննա ծավալով, Ղազախստանի Հանրապետություն՝ առավելագույնը 350 հազ. տոննա ծավալով, Ղրղզստանի Հանրապետություն՝ առավելագույնը 50 հազ. տոննա ծավալով և Ռուսաստանի Դաշնություն՝ առավելագույնը 100 հազ. տոննա ծավալով։
Քննարկվել է «2014 թվականի մայիսի 29-ի Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրում Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների կողմից արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրмան մասով փոփոխություններ կատարելու մասին արձանագրության նախագծի մասին» հարցը: ԵԱՏՄ մասին պայմանագրում արդյունաբերության ոլորտներում համատեղ կոոպերացիոն նախագծերի իրականացման ժամանակ ֆինանսական աջակցության տրամադրման մասով կատարվող փոփոխությունների նախագիծը կուղարկվի դրա ստորագրման համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերին։
Հավանության է արժանացել պետական գնումների համար բանկային երաշխիքների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագրի նախագիծը։