Նորություններ

02.02.2024 (Обновлено: 06.02.2024 11:29)

ԵԱՏՄ երկրների տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերին նորերն են ավելացել

Փետրվարի 2-ին Ալմաթիում (Ղազախստանի Հանրապետություն) կայացած Եվրասիական միջկառավարական խորհրդի (ԵՄԿԽ) նիստում Եվրասիական տնտեսական միության երկրների կառավարությունների ղեկավարները հավանություն են տվել ԵԱՏՄ մասնակից երկրների նախաձեռնած տրանսպորտի ոլորտի գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերի ցանկի ընդլայնմանը։

ԵԱՏՄ անդամ պետությունների համար հատկապես կարևոր են ավտոմոբիլային և երկաթուղային հաղորդակցության ուղիների արդիականացման և կառուցման մասշտաբային նախագիծ հանդիսացող գերակա ինտեգրացիոն ենթակառուցվածքային նախագծերը, որոնք ուղղված են եվրասիական տրանսպորտային միջանցքների և հեռանկարային լոգիստիկ երթուղիների զարգացմանը։ Նախագծերի նպատակն է ապահովել մեր երկրների տրանսպորտային կապվածության բարձրացումը, տարանցման և արտահանման-ներմուծման փոխադրումների առաջմղումը:

Մասնավորապես, Ղազախստանը ներկայացրել է «Հյուսիս-Հարավ» արևելյան միջազգային տրանսպորտային միջանցքի զարգացմանն ուղղված նախագծեր՝ «Ռուսաստան-Կենտրոնական Ասիայի երկրներ» միջանցքի առկա երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացմամբ և նոր երկաթուղային գծերի ներդրմամբ։

Ղրղզստանի Հանրապետությունն առաջարկել է ներառել երկու նախագիծ՝ Բիշքեկ քաղաքի շրջանցիկ ճանապարհի վերակառուցում և Բալըքչիից Ջալալ-Աբադ տանող երկաթուղու կառուցում, որը կկապի հանրապետության հյուսիսի և հարավի երկաթուղային ենթակառուցվածքները։ Նախագծերի իրականացումը թույլ կտա ստեղծել երկրի միասնական ներքին երկաթուղային ցանց և բարձրացնել Ղրղզստանով տարանցիկ երթուղիների թողունակությունը։

«Նախագծերը թույլ կտան ավելի հարմարավետ դարձնել տարանցումը, զգալիորեն նվազեցնել բեռների սեփականատերերի ծախսերը ԵԱՏՄ երկրների տարածքով բեռներ տեղափոխելիս։ Նրանց համար սա Եվրոպայի, Ասիայի և Մերձավոր Արևելքի շուկաների միջև կապող օղակ դառնալու հնարավորություն է»,- նշել է ԵՏՀ էներգետիկայի և ենթակառուցվածքների նախարար Արզիբեկ Կոժոշևը։

Ստեղծված աշխարհաքաղաքական պայմաններում, երբ տեղի է ունենում համաշխարհային լոգիստիկ շղթաների գլոբալ փոփոխություն, և ավանդական միջազգային տրանսպորտային միջանցքները վերաձևափոխվում են, «հնգյակի» երկրներն ակտիվորեն զարգացնում են տրանսպորտային ենթակառուցվածքը:

Հիշեցնենք, որ 2022 թվականի օգոստոսին «հնգյակի» երկրների կառավարությունների ղեկավարները համաձայնեցրել են ԵԱՏՄ-ի գերակա ինտեգրացիոն տրանսպորտային նախագծերի ցանկը, որը ներառում է յոթ նախագիծ բոլոր մասնակից երկրներից, որոնցից վեցը վերաբերում են միջազգային նշանակության ավտոմոբիլային, մեկը՝ երկաթուղային է։

Տեղեկացման կարգով.

Ղազախստանի երկու նոր նախագծերը ենթադրում են «Հյուսիս-Հարավ» ՄՏՄ-ին առնչվող «Օրսկ - Կանդիագաշ - Մակաթ - Բեյնեու - Բոլաշակ», «Իլեցկ-1 - Ակտոբե», «Չելյաբինսկ - Տոբոլ - Նիկելտաու» և «Աքսարայսկայա - Մակաթ», «Շալկար - Բեյնեու - Մանգիստաու» հատվածներում առկա երկաթուղային ենթակառուցվածքի արդիականացում: Ինչպես նաև «Ռուսաստան - Կենտրոնական Ասիայի երկրներ» միջանցքին առնչվող «Կազալը - Արըս» հատվածում «Դարբազա - Մաքթաարալ» երկաթուղային գծի և երկրորդ երկաթուղային գծի կառուցումը:

Ղրղզստանի Հանրապետության նոր նախագծերն են՝ «Բալըքչի - Կոչկոր - Կարա-Քեչե - Մակմալ - Ջալալ-Աբադ» երկաթուղու շինարարությունը և «Բիշքեկ քաղաքի հյուսիսային շրջանցիկ ճանապարհի վերակառուցում» ավտոմոբիլային ճանապարհի նախագիծը: