Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի որոշմամբ տուգանքներ են կիրառվել թուղթ արտադրող՝ ռուսական թաղանթանյութաթղթային գործարանի, ձեռնարկության կառավարող ընկերության, ինչպես նաև գլխավոր տնօրենի նկատմամբ՝ հետաքննության ընթացքում գլանափաթեթներով և թերթերով թղթի անդրսահմանային շուկայում մրցակցության կանոնների հնարավոր խախտման փաստով տեղեկատվություն չտրամադրելու համար։
ԵՏՀ հակամենաշնորհային բլոկը հետաքննություն է սկսել գլանափաթեթներով և թերթերով թղթի առանձին արտադրողների կողմից գերիշխող դիրքի չարաշահման նշանների և նրանց կողմից Եվրասիական տնտեսական միության մասին պայմանագրով արգելված հակամրցակցային համաձայնագրերի կնքման վերաբերյալ:
Նյութերի քննության շրջանակներում Հանձնաժողովը անհրաժեշտ տեղեկատվություն է պահանջել «Տուրինսկի ցելյուլոզնո-բումաժնի զավոդ» ԲԸ-ից, «ՈՒԿ «ՏՈՒՐԱ» ՍՊԸ կառավարող ընկերությունից և նրա գլխավոր տնօրենից: Հարցումը վերաբերում էր ապրանքային շուկան վերլուծելու, հիմնական տնտեսավարող սուբյեկտներին և շուկայում նրանց մասնաբաժինները որոշելու համար անհրաժեշտ ստանդարտ տեղեկությունների տրամադրմանը։ Սակայն տնտեսավարող սուբյեկտները սահմանված ժամկետներում պահանջվող տեղեկությունները չեն տրամադրել։
ԵՏՀ մրցակցության և հակամենաշնորհային կարգավորման նախարար Բախիթ Սուլթանովի խոսքով` հանձնաժողովը երկու անգամ հարցումներ է ուղարկել տնտեսավարող սուբյեկտներին, տեղեկություններ կան, որ հասցեատերերը ստացել են այդ նամակները, սակայն վերազգային մարմնի դիմումներն անտեսվել են։ Այս փաստի առթիվ Հանձնաժողովը գործ է հարուցել և քննել նշված իրավաբանական անձանց և կառավարող ընկերության ղեկավարի նկատմամբ։
«Հարկ է նշել, որ հետաքննությունների արդյունքները հիմնված են հարցումների արդյունքում ստացվող տեղեկատվության ամբողջության վրա։ Թերի տվյալների պատճառով Հանձնաժողովը չի կարող ամբողջ ծավալով իրականացնել իր լիազորությունները՝ ուղղված շուկայական տնտեսության և բարեխիղճ մրցակցության սկզբունքների պահպանմանը»,- նշել է նախարարը։
ԵՏՀ կոլեգիայի որոշումն օրինական ուժի մեջ կմտնի հրապարակումից 30 օրը լրանալուց հետո։