Նորություններ

16.12.2024

Միության երկրների արդյունաբերության ոլորտի կոոպերացիան անհրաժեշտ է տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու համար

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի պատվիրակությունն այցելել է Մոսկվայի «Աշխատանքի անվտանգություն և պահպանություն 2024» ցուցահանդես համաժողովը, որը նվիրված էր տեխնոլոգիական զարգացման և անհատական պաշտպանության միջոցների արտադրության հարցերին։

ԵՏՀ ներկայացուցիչները ծանոթացել են այս ոլորտի առաջատար ընկերությունների արտադրանքին և միջոցառման մասնակիցներին տեղեկացրել Եվրասիական տնտեսական միության համատեղ կոոպերացիոն արդյունաբերական նախագծերի ֆինանսական աջակցության մեխանիզմի և ԵԱՏՄ-ում կոոպերացիոն համագործակցության զարգացման այլ գործիքների մասին:

Արդյունաբերական քաղաքականության վարչության փոխտնօրեն Գեորգի Արզումանյանը նշել է, որ ԵԱՏՄ երկրների արդյունաբերության ոլորտում կոոպերացիան անհրաժեշտ է նրանց կողմից տեխնոլոգիական ինքնիշխանության հասնելու համար։ Այն նպաստում է նաև բժշկական հատվածի հաջող զարգացմանը՝ ներառյալ բուժհաստատությունների տեխնիկական հագեցվածության բարձրացումը, ժամանակակից տեխնոլոգիական գործընթացների և սարքավորումների ներդրումը, նոր դեղերի կիրառումը, ախտորոշման և բուժման նոր մեթոդների յուրացումը։

ԵՏՀ արդյունաբերական քաղաքականության վարչության բաժնի պետ Դմիտրի Յարոշենկոն ոլորտի ներկայացուցիչների հետ համաժողովի քննարկումների ընթացքում մասնակիցներին տեղեկացրել է «Բժշկական արտադրատեսակների և բժշկական չհանդիսացող և բուժօգնություն տրամադրելիս կիրառվող արտադրատեսակների արտադրության ոլորտում ԵԱՏՄ անդամ պետությունների կոոպերացիոն համագործակցության զարգացման մասին» Հանձնաժողովի կողմից ընդունված հանձնարարականի մասին։ Հանձնարարականն ուղղված է համալիր բժշկական սարքավորումների և արտադրատեսակների ոլորտում գիտահետազոտական գործունեության և արտադրության զարգացմանը, նորարարական, մրցունակ, բարձր տեխնոլոգիական արտադրանքի արտադրության հաստատման նպատակով Միության երկրների արտադրողների և գիտահետազոտական միավորումների միջև կոոպերացիոն փոխգործակցությանը:

Քննարկումների մասնակիցները հրավիրվել են քննարկելու ֆինանսական աջակցության մեխանիզմի կիրառման հնարավորությունը, ինչպես նաև արտադրողների առջև ծառացած առավել հրատապ խնդիրները ԵՏՀ հարթակում մասնագիտացված փորձագիտական խմբերի շրջանակներում, որոնք նախատեսվում է անցկացնել 2025 թվականին։